2021 թվականի հունիսի 8-ին տեղի ունցավ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի և Շվեդիայի գլխավոր աուդիտոր, ազգային աուդիտի գրասենյակի ղեկավար Հելենա Լինդբերգի գլխավորած պատվիրակությունների առցանց հանդիպումը, որի ընթացքում կողմերը կնքեցին փոխըմբռնման հուշագիր, որով մեկնարկեց 2021-2023 թվականների երկկողմ համագործակցության ծրագիրը: Ծրագրի նպատակն է աջակցելու Հաշվեքննիչ պալատի ձգտումը դառնալու միջազգայինորեն ճանաչված սկզբունքներին և ստանդարտներին համապատասխան անկախ Բարձրագույն հաշվեքննիչ մարմին:
Հաշվեքննիչ պալատի նախագահ Լ. Յոլյանն իր խոսքում բարձր գնահատեց Շվեդիայի բարձրագույն աուդիտի մարմնի արժեքավոր նախաձեռնությունն՝ աջակցելու Պալատի ռազմավարական զարգացմանը: Լ. Յոլյանը հավաստիացրեց, որ Հաշվեքննիչ պալատը կգործադրի առավելագույն ջանքերը դառնալու ավելի ազդեցիկ ինստիտուտ, որը կգործի միջազգային ստանդարտներին և փորձին համահունչ:
Իր պատասխան խոսքում Շվեդիայի գլխավոր աուդիտոր Հելենա Լինդբերգը վերահաստատեց Շվեդիայի բարձրագույն աուդիտի մարմնի նախաձեռնությունը՝ համագործակցելու ՀՀ հաշվեքննիչ պալատի հետ զարգացման գործընթացի աջակցության միջոցով: Բանախոսն ընդգծեց նաև, որ համավարակը ստեղծել է նոր մարտահրավերներ երկրների հասարակության համար, և անկախ բարձրագույն աուդիտի մարմինների դերը կարևորվում է ավելի քան երբևէ:
Ծրագրի շրջանակներում շվեդական կողմը տեխնիկական աջակցությունը կտրամադրի բարելավելու Պալատի մասնագիտական և կազմակերպական կարողությունները: Ծրագիրը մեծ ուշադրություն է դարձնելու հատկապես կատարողականի աուդիտին՝ որպես մասնագիտական աուդիտի տեսակի, ինչպես նաև շահառուների հետ աշխատանքին ուղղված հաշվեքննության արդյունքների ազդեցության բարելավմանը:
Շվեդիայի ազգային աուդիտի գրասենյակը երկար տարիներ բարձրագույն աուդիտի մարմինների համար երկկողմ և տարածաշրջանային զարգացման ծարգրեր է իրականացնում, որոնց նպատակն է հզորացնելու զարգացող երկրների բարձրագույն աուդիտի մարմինները՝ միջազգային ստանդարտներին համահունչ աուդիտների իրականացման նպատակով: