ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

Հաշվեքննիչ պալատն անդամակցում է հաշվեքննություն (արտաքին պետական աուդիտ) իրականացնող բարձրագույն մարմինների միջազգային, եվրոպական և ասիական կազմակերպություններին՝ INTOSAI, EUROSAI, ASOSAI:

ՀՀ հաշվեքննիչ պալատը INTOSAI, EUROSAI, ASOSAI շրջանակներում սերտորեն համագործակցում է բազմաթիվ երկրների աուդիտի բարձրագույն մարմինների հետ: Հաշվեքննիչ պալատի հիմնադրումից ի վեր երկկողմ համագործակցության հուշագրեր են կնքվել Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Նիդերլանդների Թագավորության, Ֆրանսիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Բելառուսի, Լեհաստանի, Լատվիայի, Բուլղարիայի, Մոլդովայի և մի շարք այլ երկրների բարձրագույն աուդիտի (հաշվեքննիչ) մարմինների հետ:  2019 թվականին համագործակցության համատեղ ծրագիր է նախաձեռնվել նաև Շվեդիայի բարձրագույն աուդիտի մարմնի հետ:

2018 թվականից սկսած Հաշվեքննիչ պալատի և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրագույն հաշվեքննիչ մարմնի (GAO) միջև նախաձեռնվել է երկկողմ համագործակցության շրջանակ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) տեխնիկական աջակցությամբ: 2020 թվականին մեկնարկել է Հաշվեքննիչ պալատի տեխնիկական աջակցության եռամյա ծրագիրը՝ ԱՄՆ GAO-ի և USAID-ի համատեղ հանձնառությամբ:

Հաշվեքննիչ պալատը սերտ համագործակցում է այնպիսի միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ Համաշխարհային բանկը (World Bank), Եվրոպական միության պատվիրակությունը ՀՀ-ում, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), USAID-ն, ԵՄ/ՏԶՀԿ համատեղ SIGMA ծրագիրը, Միացյալ ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը՝ UNDP:

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԻՆ


INTOSAI

Համագործակցություն INTOSAI հետ


INTOSAI-ն աուդիտի բարձրագույն մարմինների անկախ միջազգային կազմակերպություն է: Ստեղծվել է 1953թ. և մասնագիտական հարթակ է հանդիսանում՝ հանրային հատվածի հաշվեքննության ոլորտի ամրապնդման, աուդիտի բարձրագույն մարմինների պրոֆեսիոնալության զարգացման, ինչպես նաև գիտելիքների և լավագույն պրակտիկայի փոխանակման համար: Կազմակերպությունը հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունի ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում: INTOSAI համընդհանուր նպատակների իրագործման համար ստեղծվել են բարձրագույն հաշվեքննիչ մարմինների տարածաշրջանային կազմակերպություններ: Կազմակերպությունը միասնական նպատակների իրականացման համար կյանքի է կոչել մասնագիտական հանձնաժողովներ, աշխատանքային մասնագիտական խմբեր, որոնք կազմակերպում են կանոնավոր հանդիպումներ և այլ տեղեկատվական միջոցառումներ:

Երեք տարին մեկ անգամ անցակացվում է աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության համագումար` INCOSAI: 

INTOSAI կազմակերպությունը միավորում է աշխարհի 195 բարձրագույն հաշվեքննիչ մարմիններ, 5 բարձրագույն հաշվեքննիչ մարմիներ՝ դիտորդի կարգավիճակով, և մեկ բարձրագույն հաշվեքննիչ մարմին՝ փոխկապակցվածի կարգավիճակով: ՀՀ հաշվեքննիչ պալատն (նախկինում՝ Վերահսկիչ պալատ) անդամակցում է կազմակերպությանը 1998 թվականից:


Մասնագիտական աջակցության և խորհրդատվության նպատակներով Հաշվեքննիչ պալատը հաճախակի է համագործակցում INTOSAI-ի կողմից  զարգացման նախաձեռնության (IDI) հետ:

Որպես աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային ընտանիքի անդամ Հաշվեքննիչ պալատի համար առաջնային են INTOSAI կողմից հավանության արժանացած աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային ստանդարտները (ISSAI-ները).

⇒Լիմայի հռչակագիր (1977թ.) - ISSAI-P 1

⇒Մեխիկոյի հռչակագիր (2007թ.) - ISSAI-P 10

 ⇒Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային մյուս ստանդարտները (տես՝ ստանդարտներ բաժնում):


Հաշվեքննիչ  պալատն անդամակցում է`  


⇒INTOSAI–ի բնապահպանական աուդիտի աշխատանքային խմբին,

⇒INTOSAI–ի կայուն զարգացման նպատակների և  կայուն զարգացման առանցքային ցուցանիշների (ազգային առանցքային ցուցանիշների) աշխատանքային խմբին,

⇒INTOSAI–ի պետական գնումների աուդիտի աշխատանքային խմբին:


 

Համագործակցություն EUROSAI հետEUROSAI


EUROSAI–ն հանդիսանում է INTOSAI–ի տարածաշրջանային կազմակերպություն, որը ստեղծվել է 1990թ. և որի անդամների թիվը 50-ն է՝ Եվրոպական երկրների 49 աուդիտի բարձրագույն մարմիններ և Եվրոպական աուդիտորական պալատը: Հաշվեքննիչ պալատն անդամակցում է EUROSAI–ն 2000 թվականից: Կազմակերպության հիմնական նպատակներն են նպաստել Եվրոպայի բարձրագույն հաշվեքննիչ մարմինների միջև պրոֆեսիոնալ համագործակցությանը, աջակցել տեղեկատվության և մեթոդական նյութերի փոխանակմանը, նպաստել հանրային հատվածի հաշվետվողականությանը, խթանել այս բնագավառում ակադեմիական բազայի ստեղծմանը և հաշվեքննության տերմինաբանության ձեռքբերմանը:

 


 Հաշվեքննիչ  պալատն անդամակցում է`


⇒EUROSAI–ի  բնապահպանական աուդիտի աշխատանքային խմբին,

⇒EUROSAI–ի ճգնաժամների վերացմանն ուղղված օգնության աուդիտի աշխատանքային խմբին,

⇒EUROSAI-ի տեղեկատվական տեխնոլոգիաների աշխատանքային խմբին:

 


ASOSAI

Համագործակցություն ASOSAI հետ


ASOSAI-ն INTOSAI–ի տարածաշրջանային կազմակերպություն Է, որը ստեղծվել է 1979թ. և միավորում է 45 աուդիտի բարձրագույն մարմիններ: Կազմակերպությունն իր գործունեության կարևորագույն մասն է համարում ուսուցողական ծրագրերը, փորձի փոխանակումը, կադրերի վերապատրաստումը, ինչպես նաև աուդիտի որակի ու կատարողականի բարելավումը: Ասիական տարածաշրջանի հաշվեքննության գերագույն ատյանները միավորող այս կազմակերպությանը Հաշվեքննիչ պալատն անդամակցում է 2007 թ.-ից:

 


ЕАЭСԵԱՏՄ անդամ երկրների աուդիտի բարձրագույն մարմինների հետ համատեղ աուդիտներ


ԵԱՏՄ անդամ երկրների (Հայաստան, ՌԴ, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան) աուդիտի բարձրագույն մարմինների միջև համագործակցությունն էլ ավելի է խորացել համատեղ աուդիտների շնորհիվ: Համատեղ աուդիտները դյուրին են դարձրել տեղեկատվության և գիտելիքների փոխանակումը, կարողությունների զարգացումը և լավագույն փորձի բացահայտումը:

Հաշվեքննիչ պալատի պատվիրակությունը յուրաքանչյուր տարի մասնակցում է «Եվրասիական տնտեսական միության մասին» համաձայնագրով նախատեսված ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կողմից իրականացվող թվով երկու համատեղ աուդիտի միջոցառումներին հետևյալ թեմաներով՝

⇒ԵԱՏՄ անդամ պետությունների ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարների հաշվեգրում և բաշխում, դրանք որպես եկամուտ, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեներ փոխանցում

⇒ԵԱՏՄ բյուջեի միջոցների ձևավորում, կառավարում ու տնօրինում, Եվրասիական տնտեսական միության գույքի և այլ ակտիվների օգտագործում:

ԵԱՏՄ շրջանակում համատեղ աուդիտները կրում են շարունակական բնույթ:

 


CIS SAIs

Համագործակցություն ԱՊՀ անդամ պետությունների աուդիտի բարձրագույն մարմինների հետ


ԱՊՀ անդամ պետությունների աուդիտի բարձրագույն մարմնի հետ հարաբերությունները իրականացվում են ԱՊՀ անդամ պետությունների հաշվեքննիչ մարմինների ղեկավարների խորհրդի շրջանակներում, որին պալատն անդամակցում է դեռևս 2000թ-ից:

Հաշվեքննիչ պալատը համագործակցության համաձայնագրեր է կնքել Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բելառուսի Հանրապետության բարձրագույն հաշվեքննիչ մարմինների հետ: ՌԴ Հաշվիչ պալատի հետ անցկացվում են համատեղ ստուգումներ, որոնք, ըստ պայմանավորվածության, պարբերական բնույթ են կրում: ԱՊՀ անդամ պետությունների աուդիտի բարձրագույն մարմինների ղեկավարների խորհրդի նիստը տեղի է ունենում յուրաքանչյուր տարի: Տարվա ընթացքում կազմակերպվում են նաև խորհրդին կից մասնագիտական խմբերի նիստեր: