2021թ. ապրիլի 14-ին, Չեխիայի Հանրապետության աուդիտի բարձրագույն գրասենյակի նախագահ Միլոսլավ Կալայի պաշտոնական հրավերով ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Եվրոպայի աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության (ԵՎՐՈՍԱԻ) 11-րդ համագումարին, որն առաջին անգամ, ԿՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված, անցկացվեց նորարարական առցանց պլատֆորմի միջոցով:
Համագումարին մասնակցում էին ԵՎՐՈՍԱԻ թվով 50 լիիրավ անդամ երկրների աուդիտի բարձրագույն մարմինների պատվիրակներ, ինչպես նաև հրավիրյալ միջազգային կազմակերպություններից ներկայացուցիչներ:
ԵՎՐՈՍԱԻ 30 ամյակի կապակցությամբ համագումարն արձանագրեց կազմակերպության առաջիկա տեսլականը՝ 3E-3C-3I սկզբունքների ամրագրմամբ, որտեղ 3 E-ն՝ արդյունավետություն, օգտավետություն և տնտեսում, 3C-ն՝ հաղորդակցություն, համեմատություն, համագործակցություն, իսկ 3I-ն՝ տեղեկատվություն, նորարարություն և ինտերակտիվություն:
Համագումարի ընթացքում հաստատվեցին՝ կազմակերպության 2017-2024 թվականների ռազմավարական ծրագիրը, ԵՎՐՈՍԱԻ աշխատանքային և մասնագիտական խմբերի աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև կատարված աշխատանքների և ֆինանսական զեկույցները:
Համագումարի շրջանակներում ԵՎՐՈՍԱԻ նախագահությունը Թուրքիայից անցավ Չեխիայի Հանրապետությանը 2021-2024թթ. ժամանակահատվածի համար, ԵՎՐՈՍԱԻ կառավարման խորհրդի անդամներ ընտրվեցին՝ Միացյալ Թագավորությունը և Լիտվան վեց տարի ժամկետով, ինչպես նաև կազմակերպության աուդիտորների պաշտոններում վերընտրվեցին Բուլղարիայի և Խորվաթիայի աուդիտի բարձրագույն մարմինները:
2024 թվականին ԵՎՐՈՍԱԻ համագումարը կանցկացվի Իսրայելում, որտեղ եռամյա նախագահությունը կստանձնի Իսրայելի աուդիտի բարձրագույն մարմինը: