2021 թվականի սեպտեմբերի 7-ին Թայլանդի Թագավորության աուդիտի պետական գրասենյակի նախագահ Պրայուկ Բունյանգի պաշտոնական հրավերով ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Աուդիտի բարձրագույն մարմինների ասիական կազմակերպության (ASOSAI) 15-րդ համագումարին, որը, ԿՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված, անցկացվեց տեսակոնֆերանսի միջոցով:

Համագումարին մասնակցում էին ASOSAI թվով 43 անդամ երկրների աուդիտի բարձրագույն մարմինների պատվիրակներ, ինչպես նաև հրավիրյալ միջազգային կազմակերպություններից ներկայացուցիչներ:

Որպես կարևոր պաշտոնական փաստաթուղթ համագումարն ընդունեց Բանգկոկի հռչակագիրը, որում ամրագրված են հաշվեքննության ոլորտում համավարակի հետևանքով ձևավորվող նոր օրինաչափ իրավիճակի պայմաններում անդամ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների գործողությունների չորս հիմնական ուղղություններ, որոնք կնպաստեն ASOSAI ռազմավարական նպատակների, ինչպես նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների ձեռքբերմանը։

Համագումարի ընթացքում ներկայացվեցին կազմակերպության գործունեության վերաբերյալ, աշխատանքային խմբերի և մասնագիտական խմբերի զեկույցները: Հաստատվեց ASOSAI ֆինանսական հաշվետվության 2019-2021 թվականների կատարողականը:

Համագումարի ընթացքում հաստատվեցին նաև կազմակերպության 2022-2027 թվականների ռազմավարական ծրագիրը, 2022-2024 թվականների բյուջեն, ASOSAI աշխատանքային և մասնագիտական խմբերի աշխատանքային ծրագրերը:

Համագումարի շրջանակներում ASOSAI նախագահությունը Վիետնամի Հանրապետությունից անցավ Թայլանդի Թագավորությանը, ինչպես նաև հաստատվեց Հնդկաստանի առաջադրումը որպես ASOSAI 16-րդ համագումարը հյուրընկալող երկիր։

Կայացավ նաև ASOSAI կառավարման խորհրդի և աուդիտորների ընտրությունը 2021-2024թթ. Ժամանակահատվածի համար։ ASOSAI կառավարման խորհրդի նոր կազմն է՝ Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Կորեայի, Մալազիայի, Պակիստանի, Ֆիլիպինների, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Թայլանդի, Թուրքիայի և Վիետնամի բարձրագույն հաշվեքննիչ մարմիններ։

Համագումարում նաև հաստատվեց Չինաստանի՝ ASOSAI գլխավոր քարտուղարի, Ճապոնիայի՝ կարողությունների զարգացման պատասխանատուի և Հնդկաստանի՝ ASOSAI ամսագրի խմբագրի պաշտոններում լիազորությունների երկարաձգումը։

 

 

Չորեքշաբթի, Սեպտեմբեր 8, 2021