Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստում Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է Պալատի 2024 թվականի գործունեության տարեկան հաղորդումը։

Ատոմ Ջանջուղազյանը զեկույցում անդրադարձել է չորս հիմնական բաժնի շուրջ՝

Հաշվեքննությունների հիմնական արդյունքներ

2024 թվականին հաստատվել են 2025-2027 թթ. հաշվեքննությունների եռամյա առաջնահերթությունները, ինչպես նաև Պալատի 2025 թվականի գործունեության ծրագիրը։ Տարվա ընթացքում իրականացվել է 42 հաշվեքննություն, որից՝

-  32-ը՝ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ,

-  8-ը՝ ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ ընտրված թեմաներով,

-  2-ը՝ ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ։

Օրենսդրական առանցքային փոփոխություններ

Ատոմ Ջանջուղազյանը փաստել է, որ 2024թ արտաքին պետական հաշվեքննության բնագավառի ամենանշանակալի իրադարձությունը Հաշվեքննիչ պալատի մասին օրենքի նոր խմբագրությամբ ընդունումն է, որով արմատապես վերափոխվել են արտաքին պետական հաշվեքննության բնագավառում առանցքային նշանակություն ունեցող 5 ուղղություններով իրավական կարգավորումները.

  1. Մանդատի ընդլայնում – հաշվեքննության լիազորությունները դարձել են համապարփակ՝ ընդգրկելով հանրային շահին վերաբերող բոլոր գործընթացները։
  1. Հետհսկողություն – հաշվեքննության գործընթացը լրացվել է հետհսկողության մանդատով, ինչը մեծացնում է հաշվեքննությունների արժեքը՝ ապահովելով առաջարկությունների կատարման նկատմամբ մշտադիտարկում։
  2. Կառավարման նոր մոդել – ներդրվել է զսպումների և հակակշիռների մեխանիզմ։ Պալատի 7 անդամներից 3-ը իրականացնում են գործադիր գործառույթներ, իսկ 4-ը վերահսկում են էթիկայի, որակի հսկողության և ներքին աուդիտի սկզբունքների պահպանումը։
  3. Տեղեկատվության հասանելիություն – պետական մարմիններում առկա բոլոր տեսակի տեղեկատվությունները հասանելի են Պալատին՝ նախկին սահմանափակումների փոխարեն։
  4. Մարդկային ռեսուրսներ – ներդրվել է հանրային ծառայության նոր տեսակ՝ Հաշվեքննիչ պալատում ծառայություն, որի պաշտոնների համար սահմանվել են մասնավոր հատվածում համանման մասնագիտական աշխատանք կատարողներին ներկայացվող պահանջներ և համարժեք վարձատրության համակարգ:

Ռազմավարական զարգացումներ

Հաշվեքննիչ պալատի նախագահն արձանագրել է, որ կառույցի 2024-2025 թվականների ռազմավարական զարգացման ծրագրով 2024 թվականի համար նախատեսված միջոցառումները իրականացվել են, գործնականում, ամբողջությամբ։ Հաշվեքննությունների հավելյալ արժեքը մեծացնելու նպատակով վերանայվել են այդ ժամանակահատվածի համար նախատեսված Պալատի ներքին իրավական ակտերը։

Քայլեր են ձեռնարկվել նաև հաղորդակցության և մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ։

ՀՊ 2024 բյուջեի կատարողական

Ներկայացվել է նաև Հաշվեքննիչ պալատի 2024 թվականի բյուջեի կատարողականը։ Հաշվեքննիչ պալատը օգտագործել է պետական բյուջեով նախատեսված միջոցների 88%-ը՝ ապահովելով արդյունավետ ֆինանսական կառավարում։

Տարեկան հաղորդման ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ հղումով:

 

* * *

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

secretariat@armsai.am
www.armsai.am
LinkedIn: audit-chamber-of-armenia

 



Ուրբաթ, Հոկտեմբեր 3, 2025