ՀՀ հաշվեքննիչ պալատի, Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրագույն հաշվեքննիչ մարմնի (USA Government Accountability Office – GAO, այսուհետև՝ ԱՄՆ ԲՀՄ) և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID, այսուհետև՝ ԱՄՆ ՄԶԳ) համատեղ ծրագրի շրջանակում Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի գլխավորած պատվիրակությունը 2023թ․ մայիսի 1-ից 5-ը պաշտոնական այցով գտնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այցի ընթացքում Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը հանդիպել է ԱՄՆ ԲՀՄ ղեկավարի՝ գերագույն աուդիտոր Ջին Դոդարոյի հետ։ 
ԱՄՆ ԲՀՄ ղեկավար Ջին Դոդարոն ողջունել է ՀՊ նախագահ Ատոմ Ջանջուղազյանին և պատվիրակությանը ու նկատել, որ ամերիկյան կողմը տպավորված է եռակողմ համագործակցության ծրագրի արդյունքներով։ ԱՄՆ գերագույն աուդիտորը նշել է, որ ծրագրի շրջանակներում Պալատի բարեփոխումների ռազմավարական ուղղություններով արձանագրված վերջին զարգացումներն արժանի են բարձր գնահատականի։ 
Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքները բարձր գնահատելու համար։ Նա վստահեցրել է, որ Հաշվեքննիչ պալատը ձգտում է ինստիտուտի կայացման ճանապարհով հասնել արդյունավետության անընդհատ բարձրացման։ Ատոմ Ջանջուղազյանը կարևորել է բարեփոխումների միջոցառումների ուղղությամբ ամերիկյան կողմից ստացված աջակցության հանգամանքը։ ՀՊ նախագահն ընդգծել է, որ արտաքին պետական աուդիտի ոլորտում բարեփոխումների տեսակետից գնահատանքի է արժանի ամերիկյան կողմի ավելի քան հարյուրամյա փորձի շրջանակում ստացված աջակցությունը։ 

 


Ատոմ Ջանջուղազյանն իր ԱՄՆ գործընկերոջն առաջարկել է դիտարկել Հաշվեքննիչ պալատի գործունեության բարելավման նոր ռազմավարական շրջափուլում մասնագիտական և տեխնիկական աջակցությունը շարունակելու հնարավորությունը։
Ջին Դոդարոն պատրաստակամություն է հայտնել շարունակելու ԱՄՆ ԲՀՄ աջակցությունը ՀՀ արտաքին պետական աուդիտի ոլորտի բարեփոխումների ծրագրին՝ ԱՄՆ ԲՀՄ Աուդիտի գերազանցության կենտրոնի կարողությունների ներգրավմամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկու երկրներում արտաքին պետական հաշվեքննության ոլորտին վերաբերելի համակարգային հարցերը, այնպես էլ՝ ընդհանուր առմամբ, բարձրագույն հաշվեքննիչ մարմինների առջև ծառացած արդի մարտահրավերները և հեռանկարները։ Վերջիններիս առնչությամբ՝ ԱՄՆ գերագույն աուդիտորը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի փորձը և INTOSAI (բարձրագույն հաշվեքննիչ մարմինների միջազգային կազմակերպության) համայնքում ներդրվող ջանքերը։

 


Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը այցի ընթացքում հանդիպել է նաև USAID ֆինանսական տնօրեն Ռեջի Միտչելին, USAID հակակոռուպցիոն աշխատանքային խմբի և գլխավոր վերահսկողության ներկայացուցիչներին։ USAID-ի ֆինանսական տնօրենը բարձր է գնահատել Հաշվեքննիչ պալատի հետ համագործակցության եռամյա ծրագրի արձանագրած արդյունքները և հավաստել, որ USAID-ին պատրաստակամ է շարունակել աջակցությաւն ծրագիրը։ Հաշվեքննիչ պալատի նախագահն իր գոհունակությունն է հայտնել USAID-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության արդյունավետ միջավայրի առնչությամբ՝ նշելով, որ USAID-ն շարունակում է մնալ Պալատի կարողությունների զարգացման առանցքային դոնոր գործընկերը։
Այցի շրջանակում Հաշվեքննիչ պալատի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի (սենատի) ներքին անվտանգության և կառավարության գործերի, ինչպես նաև ԱՄՆ ներկայացուցիչների պալատի վերահսկողության և հաշվետվողականության հանձնաժողովների աշխատակազմերի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են ԱՄՆ ԲՀՄ ի և օրենսդրի համագործակցության վերաբերյալ հարցեր։ 
Այցի ընթացքում Հաշվեքննիչ պալատի պատվիրակությունը այցելել է նաև Հանրային ծառայության գործընկերության գրասենյակ, որն իրականացնում է ԱՄՆ դաշնային կառույցների աշխատակիցների կարողությունների հզորացմանն ուղղված աշխատանքներ։


Ծանոթություն  
2020 թվականի հունիսի 23-ին մեկնարկել է «Տեխնիկական օժանդակություն ՀՀ հաշվեքննիչ պալատին» 1 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով եռամյա ծրագիրը, որն իրականացվում է  Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և ԱՄՆ բարձրագույն հաշվեքննիչ մարմնի (GAO) աուդիտի գերազանցության կենտրոնի միջգերատեսչական պայմանագրի շրջանակներում։
Եռամյա ծրագրի շրջանակում GAO-ի աուդիտի գերազանցության կենտրոնը ՀՀ Հաշվեքննիչ պալատին պետք է տրամադրեր կարողությունների զարգացման, վերապատրաստման և խորհրդատվական ծառայություններ:
2020թ․-ից ի վեր՝ GAО-ի աուդիտի գերազանցության կենտրոնն աջակցել է Հաշվեքննիչ պալատին կարիքների գնահատման, իրավական բարեփոխումների շրջանակներում խորհրդատվության, էթիկայի կանոնների և մշտադիտարկման մեխանիզմների մշակման, հաշվեքննությունների պլանավորման, որակի կառավարման համակարգի, ֆինանսական և համապատասխանության հաշվեքննությունների մեթոդաբանությունների մշակման, հաղորդակցության ուղիների բարելավան և այլ ուղղություններով։ GAО-ի աուդիտի գերազանցության կենտրոնի փորձագետների հետ փոխգործակցությունն իրականացվում է Հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության միջոցով։

 

 


 

Երեքշաբթի, Մայիս 16, 2023