2019թ. սեպտեմբերի 24-ին ք. Մոսկվայում անցկացվող բարձրագույն հաշվեքննիչ մարմինների միջազգային համագումարի (INCOSAI) շրջանակներում երկկողմ հանդիպում է տեղի ունեցել ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի և ԱՄՆ բարձրագույն հաշվեքննիչ գրասենյակի (GAO) ղեկավար Ջենե Դոդարոյի միջև:

Հանդիպման ընթացքում հաշվեքննիչ մարմինների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության ներկա ընթացքը:

Լ. Յոլյանը բարձր է գնահատել GAO-ի առանցքային դերը բարձրագույն հաշվեքննիչ մարմինների միջազգային կազմակերպությունում (INTOSAI): Այնուհետև, պալատի նախագահը նշել է Հաշվեքննիչ պալատում իրականացվող մասնագիտական կարողությունների հզորացման ծրագրերի մասին՝ կարևորելով GAO-ի գերազանցության կենտրոնի կողմից ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ իրականացված Հաշվեքննիչ պալատի արտաքին գնահատումը, որի արդյունքները հաշվի կառնվի Հաշվեքննիչ պալատի ռազմավարական զարգացման երկարաժամկետ ծրագրի մշակման համար:

Ջ. Դոդարոն պատասխան խոսքում հաստատել է երկու երկրների բարձրագույն հաշվեքննիչ մարմինների միջև համագործակցության բարձր մակարդակը: Միաժամանակ, ԱՄՆ բարձրագույն հաշվեքննիչ գրասենյակի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում ևս շարունակելու GAO-ի գերազանցության կենտրոնի կարողությունների շրջանակներում աջակցել Հայաստանի հաշվեքննիչ պալատի մասնագիտական կարողությունների հզորացմանը՝ GAO-USAID հաշվետվողականության բարձրացմանն ուղղված համատեղ հուշագրի շրջանակներում:

Լ. Յոլյանն իր եզրափակիչ խոսքում Ջ. Դոդարոյին պաշտոնապես հրավիրել է Հայաստան համատեղ հետաքրքրության հարցերի շուրջ հետագա քննարկումների նպատակով:

 

Չորեքշաբթի, Սեպտեմբեր 25, 2019