Հաշվեքննիչ պալատի և Շվեդիայի ազգային աուդիտի գրասենյակի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի և համագործակցության ծրագրի իրագործման շրջանակներում Հաշվեքննիչ պալատի 2020-2023թթ. ռազմավարական զարգացման ծրագրի միջոցառումների իրականացման նպատակով 2022թ. Շվեդիայի ազգային աուդիտի գրասենյակի պատվիրակությունը հոկտեմբերի 17-21-ը գտնվում էր Երևանում:
Այցի մեկնարկին Շվեդիայի ազգային աուդիտի գրասենյակի պատվիրակությանն ընդունել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը: Ողջունելով Շվեդիայի ազգային աուդիտի գրասենյակի ներկայացուցիչներին՝ Հաշվեքննիչ պալատի նախագահը կարևորել է երկու երկրների բարձրագույն հաշվեքննիչ մարմինների միջև համագործակցությունը և գործընկերային հարաբերությունների արդյունքում ձևավորված աշխատանքային մթնոլորտը, որը մշտապես նպաստել է Պալատի բարեփոխումների օրակարգին և ռազմավարական առումով կարևոր ձեռքբերումներին:
Շվեդիայի ազգային աուդիտի գրասենյակի պատվիրակության ղեկավար Գինա Ֆյունմարկը, իր հերթին ողջունելով գործընկեր կառույցի ներկայացուցիչներին, շնորհակալություն է հայտնել հյուրընկալման համար: Համաձայնելով գործընկերոջ հետ, Գինա Ֆյունմարկը բարձր է գնահատել նախկինում կատարված աշխատանքները և տեղեկացրել, որ Շվեդիայի բարձրագույն հաշվեքննիչ մարմինը շահագրգիռ է Պալատի գործունեության բարելավմանը նպաստելու հարցում և պատրաստակամ՝ առավելագույն արդյունավետությամբ փոխանցել կուտակած փորձն ու գիտելիքը։
Պատասխան խոսքում Ատոմ Ջանջուղազյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր կառույցին պատրաստակամության նման մակարդակի համար և նշել է, որ Պալատը՝ որպես առաջնահերթություն առանձնացնելով Կատարողականի հաշվեքննության որակական աճն ու հաղորդակցությունը արտաքին շահառուների հետ, պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել այս երկու կարևոր գործընթացներին նոր թափ հաղորդելու և ձեռքբերումներն ամրապնդելու հարցում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության շրջանակի ընդլայնման, այդ թվում՝ ՏՏ աուդիտի կարողությունների զարգացման, համատեղ կատարողականի աուդիտների իրականացման, ինչպես նաև՝ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների արտաքին գնահատմանն (Peer-review) առնչվող այլ հարցեր:
Այցի շրջանակում, ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսնավորվում է Շվեդիայի կառավարության կողմից և իրականացվում՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, կազմակերպվել է Շվեդ փորձագետների մասնակցությամբ «Կատարողական հաշվեքննության կարողությունների կատարելագործման» թեմայով աշխատաժողովներ՝ Պալատի ղեկավար կազմի և հաշվեքննողների համար։
Հյուրերի համար նախատեսված է եղել նաև մշակութային ծրագիր, որի շրջանակներում Շվեդիայի ազգային աուդիտի գրասենյակի ներկայացուցիչները այցելել են Հայաստանի պատմության թանգարան: