Շվեդիայի Թագավորության աուդիտի ազգային գրասենյակի նախագահ Հելենա Լինդբերգի հրավերով Շվեդիայի և Հայաստանի բարձրագույն հաշվեքննիչ մարմինների համագործակցության ծրագրի կառավարման խորհրդի նիստին մասնակցելու նպատակով  Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի գլխավորած պատվիրակությունը 2023 թվականի դեկտեմբերի 12-13-ը գտնվել է ք Ստոկհոլմում։

Կառավարման խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Շվեդիայի բարձրագույն հաշվեքննիչ մարմինների միջև փոխըմբռնման հուշագրի շրջանակներում  2020-2023 թվականներին կատարված աշխատանքները, ինչպես նաև առաջիկա անելիքները։

Կողմերն արձանագրել են, որ, չնայած բազմաթիվ արտաքին մարտահրավերների (համավարակ, ռազմական դրություն), համագործակցության արդյունքում Պալատում կատարողականի հաշվեքննության կարողությունների առկայությունն այլևս փաստ էմշակված և ներդրված է կատարողականի հաշվեքննության մեթոդաբանությունը, իրականացվել են մի շարք առցանց և տեղում վերապատրաստման ծրագրեր, որի արդյունքում նախադրյալներ են ստեղծված Հաշվեքննիչ պալատի կառուցվածքում կատարողականի հաշվեքննության վարչության կայացման համար։ Զգալի քայլեր են կատարվել նաև Հաշվեքննիչ պալատի հաղորդակցության ռազմավարական ծրագրի իրագործման շրջանակներում հաղորդակցության ուղիների կատարելագործման և առանցքային շահառուների ներգրավման ուղղություններով։

Կողմերը համաձայնության են եկել շարունակելու համագործակցությունը առաջիկայում սպասվող իրավական բարեփոխումների ներքո, ինչը կստեղծի առաջիկա տարիների համար համագործակցության լայն շրջանակ։

Այցի ընթացքում Հաշվեքննիչ պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Շվեդիայի աուդիտի ազգային գրասենյակի ղեկավար կազմի և փորձագետների հետ, որի շրջանակներում քննարկվել են մարդկային ռեսուրսների կառավարման և հաշվեքննողների պրոֆեսիոնալիզմի բարձրացման, աուդիտի համար տվյալների հասանելիության, աուդիտի պլանավորման մեթոդների, աուդիտի ենթակա հանրային ռեսուրսների շրջանակի, հետհսկողության և այդ շրջանակում խորհրդարանի հետ հաղորդակցության ուղիների կատարելագործման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր։

 

 

Հինգշաբթի, Դեկտեմբեր 14, 2023