Հաշվեքննիչ պալատի և Շվեդիայի ազգային աուդիտի գրասենյակի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի և համագործակցության ծրագրի իրագործման շրջանակներում Հաշվեքննիչ պալատի 2020-2023թթ. ռազմավարական զարգացման ծրագրի միջոցառումների իրականացման նպատակով Շվեդիայի ազգային աուդիտի գրասենյակի պատվիրակությունը 2023թ. հունիսի 13-16-ը գտնվում էր Երևանում:

Այցի շրջանակներում, ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսնավորվում է Շվեդիայի կառավարության կողմից և իրականացվում՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, շվեդ փորձագետների մասնակցությամբ Հաշվեքննիչ պալատի երեք ստորաբաժանումների աշխատակիցների համար անցկացվել են «Կատարողականի հաշվեքննության իրականացման և հաշվետվողականության փուլեր» և  «Հաշվեքննության արդյունքների հաղորդակցում» թեմաներով աշխատաժողովներ, ինչպես նաև Հաշվեքննիչ պալատի ղեկավար կազմի համար «Բարձրագույն հաշվեքննիչ մարմինների հաղորդակցության շրջանակը» թեմայով զեկույցով է հանդես եկել Շվեդիայի ազգային աուդիտի գրասենյակի հաղորդակցության ղեկավար Յոնաս Աբլադը։

Այցի ընթացքում առաջիկա տարիների համար համագործակցության շրջանակներում Հաշվեքննիչ պալատի կարողությունների զարգացման համար հնարավոր առաջնահերթ ուղղությունների քննարկման նպատակով շվեդ պատվիրակները հանդիպումներ են ունեցել Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի, Հաշվեքննիչ պալատի ղեկավար կազմի և անձնակազմի ներկայացուցիչների հետ։

Պատվիրակությունն այցի ընթացքում հանդիպել է ՀՀ Ազգային Ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի հետ: Հանդիպման ընթացքում կարևորվել  են Ազգային Ժողովի և Հաշվեքննիչ պալատի հաղորդակցության կատարելագործմանն ուղղված առաջիկա ծրագրերը, որի հետ կապված Շվեդական կողմը պատրաստակամություն է հայտնել փորձագիտական աջակցություն ցուցաբերելու։

 

 

Երկուշաբթի, Հունիս 26, 2023