Ի պատասխան «www.1in.am» լրատվամիջոցում 2020 թվականի մայիսի 8-ին «Մերօրյա աղմկոտ բացահայտումներն ու Յոլյանի հանցավոր անգործությունը․ Բացառիկ մանրամասներ» վերնագրով հրապարկման մեջ տեղ գտած տեղեկատվության
1. «Արայիկ Սարգսյան» անուն, ազգանունով քաղաքացի երբևէ ՀՀ վերահսկիչ պալատում և(կամ) ՀՀ հաշվեքննիչ պալատում չի աշխատել։
ՀՀ հաշվեքննիչ պալատը ենթադրում է, որ www.1in.am –ին դիմած քաղաքացի Արայիկ Սարգսյանը նույն ինքը Արամայիս Սարգսյանն է, և եթե այո, ապա Արամայիս Սարգսյանը երբևէ ՀՀ վերահսկիչ պալատում և (կամ ) ՀՀ հաշվեքննիչ պալատում վարչության պետի տեղակալի պաշտոն չի զբաղեցրել։
Արամայիս Սարգսյանը 2017 թվականի օգոստոսի 23-ից մինչև 2019 թվականի մարտի 14-ը աշխատել է ՀՀ հաշվեքննիչ պալատում, որպես վարչության խորհրդական, (կնքված պայմանագիրը դադարեցվել է վերջինս համաձայնությամբ)։
2019 թվականի մարտի 14-ից մինչև նոյեմբերի 1-ը Հաշվեքննիչ պալատի աշխատանքներում ներգրավվել է որպես փորձագետ։
2. Արամայիս Սարգսյանը մասնագիտությամբ իրավաբան է և պետք է, որ լավ գիտենա, որ վերահսկողության ընթացքում փաստերն արձանագրելու գործընթացը սահմանվում է «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասով, որի համաձայն՝ վերահսկողության ընթացքում հայտնաբերված փաստերն արձանագրում և այդ արձանագրություններն ստորագրում են վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք, տվյալ դեպքում Արամայիս Սարգսյանը, ով ՊԵԿ-ում իրականացված վերահսկողության շրջանակներում վերահսկվող օբյեկտի գործունեության վերաբերյալ որևէ փաստ չի արձանագրել և որևէ արձանագրություն չի կազմել և բնականաբար այն չի զեկուցել ՀՀ վերահսկիչ պալատի և(կամ) ՀՀ հաշվեքննիչ պալատի ղեկավարությանը։
Արամայիս Սարգսյանը մինչ Վերահսկիչ պալատում պաշտոն զբաղեցնելը, շուրջ 8 տարի աշխատել է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության մաքսային մարմինների տեսչական դիտարկումների բաժնում, որպես ավագ մաքսային տեսուչ։ Եվ եթե, Արամայիս Սարգսյանին, այնուամենայնիվ, հայտնի են դարձել որոշակի իրավախախտումներ, ապա հարց է առաջանում, ինչ՞ու Արամայիս Սարգսյանը այդ փաստերը չի արձանագրել և «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին համապատասխան ծանոթացման և ստորագրման նպատակով իր իսկ կողմից կազմված արձանագրությունը չի ներակայցրել վերահսկվող օբյեկտի ղեկավարին, տվյալ դեպքում ՊԵԿ ղեկավարին՝ զեկուցելով այդ ամենի մասին իր վերադասին։ Ընդ որում, կրկին հարց է առաջանում, ինչու է Արամայիս Սարգսյանը հեղափոխությունից հետո սպասել մեկ տարի և հետո է որոշել ինչ-ինչ փաստեր հայտնել ՀՀ հատուկ քաննչական ծառայությանը։
3. Արամայիս Սարգսյանի այն պնդումը, որ «Հաշվեքննիչ պալատի տարեկան ամփոփման մեջ մի քանի նախադասությամբ է միայն անդրադարձ կատարվել այս դրամաշնորհով կատարված գործարքներում հայտնաբերված խախտումների մասին», նույնպես չի համապատասխանում իրականությանը։ ՊԵԿ-ում իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունն ամբողջությամբ հրապարակվել է պալատի կայքում, որտեղ առավել մանրամասն ներկայացված են հայտնաբերված խախտումներն ու թերությունները, ռիսկերն ու առաջարկությունները, որոնք վերաբերում են նաև հարուցված քրեական գործի մանրամասներին։
4. ՊԵԿ-ում իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ փաստաթղթերը ՀՀ վերահսկիչ պալատը սահմանված կարգով հարուցված քրական գործի շրջանակներում ամբողջությամբ ներկայացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը։ ՀՀ հաշվեքննիչ պալատը համագործակցել և շարունակում է համագործակցել իրավապահ մարմինների հետ, այդ թվում՝ նաև ՊԵԿ-ում իրականացված վերահսկողության արդյունքների մասով։
5. Ինչ վերաբերում է Արամայիս Սարգսյանի զավեշտալի մեկ այլ պնդմանը, առ այն որ «Հաշվեքննիչ պալատում պաշտոնավարման ընթացքում, ի պաշտոնե տեղյակ է նախկինում կատարված մի շարք լուրջ հանցագործությունների մասին, որոնք Պալատի նախագահ Լևոն Յոլյանը խնամքով թաքցնում է», ապա կրկին հարց է առաջանում․ այդուհանդերձ, եթե Արամայիս Սարգսյանին հայտնի են նման փաստեր, ապա վերջինս, արդյո՞ք ՀՀ օրենսդրությամբ պարտադրված չէ անհապաղ հայտնել դրանց մասին համապաստախան մարմիններին։
6. Ինչ վերաբերում է հոդվածում արծարծված Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի մասնակցությանը որոշակի հանքերի օգտագործման գործում, ապա վերջինս այդ հարցերի շուրջ սպառիչ պատասխան տվել է դեռևս 2019 թվականի հունիսի 25-ին՝ իր մամուլի ասուլիսի ժամանակ։ https://www.youtube.com/watch?v=YbRe-9u05aY։
ՀՀ հաշվեքննիչ պալատը կոչ է անում Արամայիս Սարգսյանին դադարեցնել նմանատիպ զրպարտող հրապարակումների գործելաոճը։