2022 թվականի նոյեմբերի 7-11-ը Բրազիլիայի ք Ռիո դե Ժանեյրոյում կայացել է Բարձրագույն հաշվեքննիչ մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) 24-րդ համագումարը, որին, որպես INTOSAI լիիրավ անդամ երկրի ներկայացուցիչ, մասնակցում էր նաև Հաշվեքննիչ պալատի պատվիրակությունը, որը գլխավորում էր Հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Առուստամյանը, իսկ պատվիրակության անդամ՝ ՄՎՄԿ վարչության պետ Զորայր Կարապետյանը։ Համագումարին մասնակցում էր 190 երկրի բարձրագույն հաշվեքննիչ մարմիններից ավելի քան 700 պատվիրակ։

 

 

Հաշվեքննիչ պալատի պատվիրակությունը համագումարի տարբեր համագործակցային հարթակներում երկկողմ հանդիպումներ և ճեպազրույցներ ունեցավ Ռուսաստանի Դաշնության, Շվեդիայի Թագավորության, Իրանի Իսլամական Հանրապետության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի և մի շարք այլ երկրների՝ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների պատվիրակությունների հետ, ինչպես նաև մասնակցեց համագումարին հարակից մի շարք մասնագիտական շնորհանդեսների։

 

 

Համագումարի արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Ռիո դե Ժանեյրոյի հռչակագիրը, որն ամբողջ աշխարհում բարձրագույն հաշվեքննիչ մարմինների համար կլինի առաջիկա տարիների հիմնական օրակարգը:

Հռչակագիրը վերահաստատում է INTOSAI հանձնառությունը հետևյալ ուղղություններով.

- Պատրաստ լինել և համարժեք աշխատանքով արձագանքել միջավայրի շարունակական փոփոխություններին, առաջացող ռիսկերին և գլոբալ մարտահրավերներին:

- Ճանաչել INTOSAI աշխատանքի արդյունքում ձեռք բերված գլոբալ ձայնի դրական ներուժը:

- Վերահաստատելով այն սկզբունքների կարևորությունը, որոնք ուղղորդում են բարձրագույն հաշվեքննիչ մարմիններին իրենց հաշվետվողականության էկոհամակարգերի շրջանակներում գործուենության կազմակերպման հարցում, կատարել որակյալ աշխատանք, համագործակցել շահագրգիռ կողմերի և միմյանց հետ:

- Բարձրագույն հաշվեքննիչ մարմինների և INTOSAI աշխատանքը առաջ մղելու նպատակով, շարունակել խթանել շահառուների հետ մշտապես կատարելագործվող համագործակցությունը:

 

 

Համագումարի ընթացքում Հաշվեքննիչ պալատի պատվիրակությունը երկկողմ աշխատանքային հանդիպում ունեցավ ԱՄՆ բարձրագույն հաշվեքննիչ մարմնի (GAO) ղեկավար Ջին Դոդարոյի գլխավորած պատվիրակության, ինչպես նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսական տնօրեն Ռեջինալդ Միտչելի հետ։ Աշխատանքային հանդիպմանը քննարկվեց 2020թ-ին մեկնարկած համատեղ ծրագրի ընթացքը։ Կողմերը գոհունակություն հայտնեցին համատեղ արդյունավետ աշխատանքների կապակցությամբ՝ բարձր գնահատելով վերջին տարիներին կատարված աշխատանքները, որոնք ուղղված էին Հաշվեքննիչ պալատի ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների հզորացմանը։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն փոխադարձ այցերի և փորձագետների ներգրավման միջոցով առաջիկա տարիներին ևս շարունակելու համատեղ համագործակցությունը, մասնավորապես, ֆինանսական ու համապատասխանության հաշվեքննությունների, որակի շարունակական զարգացման, մարդկային ռեսուրսների կառավարման, ռազմավարական պլանավորման և այլ ուղղություններով։

Համագումարի ավարտին ընտրվեց INTOSAI կառավարման խորհրդի կազմը, որն առաջիկա երեք տարին կղեկավարի Բրազիլիայի հաշվիչ դատարանի նախագահ Բրունո Դանտեսը: Համագումարը որոշեց հաջորդ՝ 25-րդ համագումարն անցկացնել 2025թ.-ին Եգիպտոսում:

 

 

 

 

 

 

 

 

 

Երկուշաբթի, Նոյեմբեր 14, 2022