Հարգելի գործընկերներ,
<<Հաշվեքննիչ պալատի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածի 8-րդ մասի համաձայն` տեղեկացնում եմ Ձեզ, որ այսօր Ազգային ժողովի նախագահին եմ ներկայացրել Հայաստանի Հանրապետության hաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնից իմ հրաժարականի դիմումը:
Երկարատև աշխատանքային կենսագրության ավելի քան 13 տարին աշխատել եմ պալատում, որից վերջին 5 տարին՝ պալատի ղեկավարի պաշտոնում։
Վստահաբար նշում եմ, որ պալատը իր կարևորագույն տեղն է ունեցել պետական և համայնքային միջոցների օգտագործման գործընթացը հնարավորինս արդյունավետ և իրավական ակտերին համապատասխան կազմակերպելու գործում։
Իմ պաշտոնավարման ընթացքում պալատը գործել է պատասխանատվության մեծ զգացումով և նվիրվածությամբ, որդեգրել է քաղաքական չեզոքություն, ոչ բարձրակոչ և ոչ էլ աղմկալի հայտարարությունների քաղաքականություն:
Արել եմ ամեն հնարավորը, որպեսզի պալատում աշխատեն իրենց գործին նվիրված, բանիմաց և ազնիվ մասնագետներ։
Անձնական նկատառումներով, որոշում եմ կայացրել մի փոքր վաղ դադարեցնել իմ լիազորությունները։
Վստահ կարող եմ հայտնել, որ թողնում եմ անաչառ, ազնիվ, իրենց գործին գիտակ և համերաշխ թիմ, որը, համոզված եմ, նույն արդյունավետությամբ և արժանապատվորեն կշարունակի ծառայել մեր պետությանը և ժողովրդին։
Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետին, կառավարությանը, Ազգային ժողովին համատեղ աշխատանքի համար։
Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր նախկին և ներկա գործընկերներին համատեղ աշխատանքի համար:
Լևոն Յոլյան
19.01.2022թ.