2022թ. փետրվարի 25-ին օնլայն ձևաչափով կայացավ ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն հաշվեքննիչ մարմինների համատեղ կոլեգիայի նիստը: Նիստին մասնակցեցին նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԵԱՏՄ անդամ պետությունների լիազորված և մաքսային մարմինների պաշտոնատար անձիք:
Նիստում քննարկվել է ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն վերահսկիչ (հաշվեքննիչ) մարմինների կողմից ԵԱՏՄ անդամ պետությունների լիազորված մարմիններում (գանձապետարաններում) անդամ պետությունների բյուջեներ ներմուծման մաքսատուրքերի փոխանցման կարգի պահպանման նկատմամբ համատեղ վերահսկողական միջոցառուման արդյունքներով կազմված ամփոփ հաշվետվությունը:
Նիստում ելույթով հանդես եկան ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն վերահսկիչ (հաշվեքննիչ) մարմինների ղեկավարները: Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի պարտականությունները կատարող Աբրամ Բախչագուլյանը իր ելույթում նշեց, որ լիազորված մարմինների (գանձապետարանների) կողմից 2020 թվականին ԵԱՏՄ պայմանագրով սահմանված պահանջները հիմնականում ապահովվել են, սակայն առկա են խնդիրներ, որոնք առ այսօր դեռ չեն կարգավորվել:
Մասնավորապես, դա վերաբերում է Ղազախստանում ընդերքօգտագործողների կողմից 2014-2020թթ. ժամանակահատվածում վճարված ներմուծման մաքսատուրքերի գումարներին, որոնք շարունակվում են չբաշխվել ԵԱՏՄ անդամ պետությունների միջև, և այդ խնդիրը կրում է շարունակական բնույթ:
Այդ կապակցությամբ ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի անդամ՝ նախարար Ռ.Բեկետաևը, ինչպես նաև ԵՏՀ այլ ներկայացուցիչները: Նրանք նշեցին, որ հարցի կարգավորման վերաբերյալ տարբեր մակարդակներում իրականացվել են բազմաթիվ քննարկումներ, այդ թվում նաև բարձր մակարդակի վրա և հույս հայտնվեց, որ քննարկումների արդյունքներով ընթացիկ տարում տվյալ հարցին կտրվի վերջնական լուծում:
Ընդհանուր առմամբ, ելույթ ունեցողները բարձր գնահատեցին կատարված աշխատանքը և նշեցին, որ չնայած համավարակով պայմանավորված բարդ պայմաններին, բարձրագույն վերահսկիչ (հաշվեքննիչ) մարմինները կարողացել են պատշաճ իրականացնել իրենց առջև դրված խնդիրները և պատշաճ իրականացնել ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված պարտավորությունները:
Նիստի ավարտին ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն վերահսկիչ (հաշվեքննիչ) մարմինների ղեկավարները հաստատեցին ամփոփ հաշվետվությունը: