ՌԴ հաշվիչ պալատի նախագահի պաշտոնակատար Գ. Իզոտովայի հրավերով 2023 թվականի նոյեմբերի 28-ին ք.Մոսկվայում կայացած ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն հաշվեքննիչ մարմինների համատեղ կոլեգիայի նիստին մասնակցել է Հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Առուստամյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստին հրավիրված են եղել և մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԵԱՏՄ անդամ պետությունների լիազորված և մաքսային մարմինների պաշտոնատար անձիք: Նիստին մասնակցել է նաև ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:
Նիստում քննարկվել է ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կողմից ԵԱՏՄ անդամ պետությունների լիազորված մարմիններում (գանձապետարաններում) անդամ պետությունների բյուջեներ ներմուծման մաքսատուրքերի փոխանցման կարգի պահպանման նկատմամբ համատեղ վերահսկողական միջոցառուման արդյունքներով կազմված ամփոփ հաշվետվությունը:
Նիստի ընթացքում ելույթով հանդես եկան ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն հաշվեքննիչ մարմինների պատվիրակությունների ղեկավարները: Նշվեց, որ լիազորված մարմինների (գանձապետարանների) կողմից հաշվետու տարում՝ 2022 թվականին, ԵԱՏՄ պայմանագրով սահմանված պահանջները հիմնականում ապահովվել են:
Նիստի ավարտին ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն հաշվեքննիչ մարմինների պատվիրակությունների ղեկավարները հաստատեցին ամփոփ հաշվետվությունը և ստորագրեցին արդյունքային ամփոփ փաստաթղթերը:
2023 թվականի համատեղ հսկողական միջոցառման պատասխանատու մարմին էր հանդիսանում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն հավեքննիչ մարմինը, իսկ 2024 թվականին այդ աշխատանքների պատասխանատու և համակարգող է հանդիսանալու ՀՀ հաշվեքննիչ պալատը:
Հաշվետվության ռուսերեն տարբերակը ուղարկվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով և Հայաստանի Հանրապետության կառավարություն, իսկ հայերեն լեզվով հաշվետվության պաշտոնական թարգմանությունը պատրաստ լինելուն պես կտեղադրվի պաշտոնական կայքում: