2025 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Բարձրագույն հաշվեքննիչ մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) համագումարի շրջանակներում (ք. Շարմ Էլ Շեյխ, Եգիպտոս), կայացել է ԱՊՀ անդամ-պետությունների բարձրագույն հաշվեքննիչ մարմինների ղեկավարների խորհրդի XXI նստաշրջանը, որը նվիրված էր Խորհրդի հիմնադրման 25-ամյակին։

Նստաշրջանի հիմնական թեմատիկ մասը նվիրված էր «Պետական աուդիտի գործընթացների թվային վերափոխմանը», որի շուրջ զեկույցներով հանդես եկան ԱՊՀ երկրների բարձրագույն հաշվեքննիչ մարմինների պատվիրակությունների ղեկավարները։ Իր խոսքում Հաշվեքննիչ պալատի անդամ Ժիրայր Մխիթարյանն ընդգծեց ինչպես հաշվեքննության գործընթացում արհեստական բանականության կիրառության կարևորությունը, այնպես էլ՝ հանրային կառավարման համակարգում արհեստական բանականության կիրառությունները հաշվեքննության ենթարկելու անհրաժեշտությունը։

Նիստի արդյունքներով հաստատվեցին աշխատանքային խմբի կողմից պատրաստված մեթոդական փաստաթղթերը, մասնավորապես՝

  • համախմբված տեղեկատվության աուդիտի մեթոդական առաջարկությունները.
  • կայուն զարգացման նպատակներին միտված պետական քաղաքականության միջոցառումների իրականացման աուդիտի հիմնական սկզբունքները.
  • բարձրագույն հաշվեքննիչ մարմինների գործունեության ռազմավարական կառավարման կազմակերպման գործնական առաջարկությունները։

Ընդունվեցին նաև Խորհրդի XXI նստաշրջանի բանաձևն ու հաջորդ միջնիստային շրջանի (2025–2027թթ.) աշխատանքային ծրագիրը։

Որոշվեց Խորհրդի XXII նստաշրջանն անցկացնել 2027 թվականին՝ Ղազախստանի Հանրապետությունում։

 

* * *

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

secretariat@armsai.am
www.armsai.am
LinkedIn: audit-chamber-of-armenia

 



Երեքշաբթի, Նոյեմբեր 11, 2025