ՀՀ վերահսկիչ պալատի խորհուրդը 2018 թվականի մարտի 19-ի և մարտի 22-ի նիստերում հաստատեց թվով 18 ընթացիկ հաշվետվություն:
2017 թվականի վերահսկողության շրջանակն ընդգրկել էր հետևյալ ուղղությունները՝
1. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե
2. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն
3. ՀՀ բնապահպանության նախարարության <<Սևան ազգային պարկ>> ՊՈԱԿ և <<Դիլիջան ազգային պարկ>> ՊՈԱԿ
4. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ
5. ՀՀ Արարատի, Արմավիրի, Լոռու մարզպետարանների և Արարատի քաղաքապետարի կողմից տրամադրված սոցիալական ծառայություններ
6. Օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային ծրագրերի դիտարկում
7. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
8. ՀՀ տարածքում ընդերքի օգտագործման տրամադրման օրինականություն և ընդերքի օգտագործում (ոչ մետաղական հանքավայրեր)
9. ԵԱՏՄ անդամ պետությունների ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրում և բաշխում, դրանք, որպես եկամուտ, անդամ պետությունների բյուջեներ փոխանցում
10.ԵԱՏՄ բյուջեի միջոցների ձևավորում, կառավարում ու տնօրինում, ԵԱՏՄ գույքի և այլ ակտիվների օգտագործում
11. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
12. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության <<Հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով, վերականգնման, տեխնիկական միջոցներով ապահովում և դրանց վերանորոգում>> և <<Հաշմանդամներին սայլակներով և լսողական սարքերով ապահովում>> ծրագրեր
13. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
14. ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացված որոշ վարկային և դրամաշնորհային ծրագրեր
15. ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
16. ՀՀ առողջապահության նախարարություն
17. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցներով իրականացված որոշ ծրագրեր
18. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

<<Վերահսկիչ պալատի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բոլոր ընթացիկ հաշվետվությունները Վերահսկիչ պալատի կողմից հաստատվելուց հետո ներկայացվելու է ՀՀ Ազգային ժողով՝ դրանց մասին տեղեկացնելով ՀՀ Նախագահին և կառավարությանը, ինչպես նաև 30 օրվա ընթացքում տեղադրվելու է Վերահսկիչ պալատի ինտերնետային էջում (www.coc.am):
ՀՀ վերահսկիչ պալատի խորհուրդը հաշվետու տարվա վերահսկողության արդյունքները քննարկելիս վերահսկողության ընթացքում հայտնաբերված փաստերում քրեաիրավական բնույթի կասկածներ ունենալով՝ որոշեց երեք առանձին դրվագներով կազմված արձանագրություններն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, մասնավորապես․
- ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից ՀՀ ոստիկանության <<Ճանապարհային ոստիկանություն>> ծառայության, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի պահանջով հարուցված կատարողական վարույթների մասով կազմված թիվ 2 արձանագրությունը․
- ՀՀ բնապահպանության նախարարության <<Սևան ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի մասով կազմված թիվ 1 արձանագրությունը․
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող <<Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծության զարգացման ծրագրի>> մասով կազմված թիվ 2 արձանագրությունը․
Միաժամանակ, պետք է նշել, որ <<Վերահսկիչ պալատի մասին>> ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն, մինչև ս.թ. մարտի 31-ը ՀՀ վերահսկիչ պալատի խորհուրդը կհաստատի <<ՀՀ վերահսկիչ պալատի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը>> և այն կներկայացնի ՀՀ Ազգային ժողովին՝ դրա մասին տեղեկացնելով ՀՀ Նախագահին և ՀՀ կառավարությանը, ինչպես նաև կտեղադրի այն ՀՀ վերահսկիչ պալատի պալատի ինտերնետային էջում (www.coc.am):

Ուրբաթ, Մարտ 23, 2018