2021 թվականի հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովում կայացած արտահերթ նիստի շրջանակներում քննարկվեց «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցը:

Հաշվետվության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ներկայացրեց պալատի նախագահ Լևոն Յոլյանը՝ իր ելույթում նշելով՝ «Հաշվի առնելով, որ արձանագրված խեղաթյուրումների հանրագումարը չի գերազանցել էականության շեմը՝ Հաշվեքննիչ պալատն իր անկախ հաշվեքննության կարծիքում ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է դրական եզրահանգում»։

Շարունակելով խոսքը՝ Յոլյանը անդրադարձավ առկա որակական խնդիրներին, ներկայացրեց նկատառումներ և առաջարկություններ մի շարք հարցերի լուծման վերաբերյալ, որոնք որակվում են որպես սկզբունքային և ուշագրավ: Խնդիրների շրջանակը ներառում է բյուջետային միջոցների ոչ ամբողջությամբ գանձապետական համակարգով շրջանառելու, պետական բյուջեի եկամուտների պլանավորման և դրանց գծով հետագա հաշվետվողականության գործընթացի արդյունավետության բարձրացման, ներքին աուդիտի ոլորտի հետ կապված, ինչպես նաև մի շարք ծրագրային միջոցառումների արդյունավետության գնահատման անհնարինության հիմնահարցերը:

Վերոնշյալից զատ պալատի նախագահը իր ելույթում կատարեց որոշ դիտարկումներ կապված պետական պարտքի զգալի աճի, պետական գնումների ոլորտում տեղ գտած անհամապատասխանությունների, հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի ներդրման գործընթացի դանդաղելու հիմնահարցերի առնչությամբ։

Ելույթի վերջում Յոլյանը անդրադարձավ 2021 թվականից պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացության ձևաչափային և բովանդակային փոփոխություններին, համաձայն որոնց՝ հաշվեքննության կարծիքի հայտնումը կատարվել է տարվա ընթացքում իրականացված եռամսյակային հաշվեքննությունների արդյունքների հիման վրա։

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը  իր եզրափակիչ ելույթի խոսքում քննարկվող հարցի առնչությամբ կարևորեց Հաշվեքննիչ պալատի դերակատարումն ու պալատի կողմից կատարված արձանագրությունները և նշեց՝ «… նախկինում՝ Վերահսկիչ պալատի, այնուհետև՝ նաև Հաշվեքննիչ պալատի կողմից կատարված արձանագրումները օգնում են, որպեսզի քննարկման առարկա դառնան այն հարցերը, որոնք, այլ հավասար պայմաններում, կարող էին աչքաթող արվել։ Եվ եթե ուշադրություն դարձնենք, ապա դրանք իրենց արտացոլումն են գտել հետագա ժամանակահատվածների ծրագրերում։ … Արձանագրված շատ դրույթներ այլևս տեղ չեն գտել հաջորդ արձանագրումների մեջ»։

Միևնույն նիստի ընթացքում ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը ներկայացրեց ՀՀ հաշվեքննիչ պալատի 2020 թվականի տարեկան հաղորդումը։

Պալատի նախագահը տեղեկացրեց՝ 2020 թվականի ընթացքում Հաշվեքննիչ պալատը ևս, ի թիվս այլ պետական կառույցների, աշխատել է արտակարգ և ռազ­մական դրություններով պայմանավորված սահմանափակ պայ­ման­նե­րում, ինչի արդյունքում որոշում է կայացվել մի շարք մեծածավալ հան­րա­յին հնչեղություն և հետաքրքրություն ունեցող հաշվեքննություններ շարունակել և ավարտին հասցնել 2021 թվականին։ Այդ շրջանակը ներառում է Պետական եկամուտների կոմիտեի, կենսա­թո­շա­կային համակարգի, Առող­ջա­պահության նախարարության հաշ­վե­քննութ­յունները։

Համաձայն զեկուցման՝ առջողջապահության ոլորտում նա­խա­տես­վել էր հաշվեքննել մի քա­նի խոշոր ծրագրեր, սակայն ստեղծված իրավիճակով պայ­մա­նա­վոր­ված առող­ջա­պահության նախարարը դիմել է Հաշ­վե­քննիչ պալատին՝ դրանք կա­սեց­նելու, իսկ հետագայում նաև չվերսկսելու խնդ­րանքներով։ Արդյունքում, կասեցված հաշվեքննությունները վերսկսվել են միայն 2021 թվականի մարտ ամսից։

Պալատի նախագահի խոսքով՝ այդուհանդերձ, ավարտին են հասց­վել և տարեկան հաղորդմամբ ներ­կայացվել տասնյակից ավելի հաշ­վեքննության արդյունքներ, որոնց ընդգր­կող ժամանակաշրջանը հիմ­նա­կանում վերաբերում է 2018-2019 թվա­կան­նե­րի իրականացված գոր­ծարք­նե­րին։

Ելույթի ընթացքում Յոլյանը հակիրճ ներկայացրեց մի շարք ոլորտներում իրականացված հաշվեքննությունների արդյունքում արձանագրված առավել ուշագրավ փաստերը․ մասնավորապես՝ ջրային տնտեսության, ԲՏԱ, ոստիկանության, ճանապարհաշինության, անտառային տնտեսության, աշխատանքի և սոցիալական ապահովության և այլն:

Պալատի նախագահը հակիրճ անդրադարձավ նաև գլխավոր դատախազության հետ համագործակցությանը, որի արդյունքների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է տարեկան հաղորդման մեջ․ մասնավորապես՝ 2017-2020թթ. գործունեության ծրագրերի շրջանակներում իրականացված հաշվեքննությունների (վերահսկողությունների) արդյունքներով իրավապահ մարմինների է տրամադրվել 44 նյութ։ Ուղարկված նյութերի շրջանակներում 23-ի մասով տրվել է իրավական գնահատական, իսկ 21 նյութի մասով ուսումնասիրությունները շարունակվում են: Իրավական գնահատականի արժանացած 23 նյութի մասով հարուցվել է 45 քրեական գործ, որից 6 նյութ կցվել է արդեն հարուցված քրեական գործերի, իսկ 9-ը՝ կարճվել է: Հարուցված գործերի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Հարուցված գործերից մեկի մասով կայացվել է մեղադրական դատավճիռ, որն օրինական ուժի մեջ է մտել: ՀՀ գլխավոր դատախազության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն հարուցված քրեական գործերի մասով պատճառված վնասի նախնական չափը կազմում է մոտ 3,413,300 հազ. դրամ: Պատճառված վնասի վերջնական չափը պարզելու համար նախաքննությունը շարունակվում է: Հաշվետու ժամանակահատվածում Հաշվեքննիչ պալատի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազություն են ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ֆինանսատնտեսական  գործունեության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսական գործունեության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ ֆինանսատնտեսական գործունեության (գաղտնի) նկատմամբ հաշվեքննությունների արդյունքները: ՀՀ գլխավոր դատախազության պահանջով թվով երեք հաշվեքննությունների մասով Հաշվեքննիչ պալատի կողմից նյութեր են տրամադրվել:

Ազգային ժողովն ի գիտություն ընդունեց ՀՀ հաշվեքննիչ պալատի 2020 թվականի տարեկան հաղորդումը:

 

 

Ուրբաթ, Հուլիս 2, 2021