Մայիսի 19-ին հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Պալատի արտահերթ նիստը։
Մինչև օրակարգի հիմնական հարցերին անդրադառնալը՝ Պալատի նախագահը գործընկերներին ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել Ազգային Ժողովի պատգամավորների և աշխատակազմի ներկայացուցիչների հետ համատեղ Ավստրիա կատարած այցի վերաբերյալ, որի ընթացքում հետաքրքիր և ուսանելի հանդիպումներ են տեղի ունեցել Ավստրիայի խորհրդարանի, գործադիր իշխանության մարմինների և Հաշվեքննիչ դատարանի (աուդիտի դատարան) ներկայացուցիչների հետ։
Պալատի նախագահը ներկայացրել է նաև Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի պատվիրակության՝ Հայաստան կատարած ճանաչողական այցի ընթացքում համատեղ քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները և հետագա համագործակցության հնարավորությունները։ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ չնայած Ավստրիայի Աուդիտի դատարանի , ՌԴ հաշվիչ և ՀՀ հաշվեքննիչ պալատների միջև տարբերությունների՝ ներառյալ ձևավորման պատմությունների և իրավական մանդատների առանձնահատկությունները, այս գործընկեր կառույցներն առերեսվում են ակնհայտ նույնատիպ խնդիրների: Այս առումով, չնայած Հաշվեքննիչ պալատի՝ համեմատաբար երիտասարդ լինելուն, այն ունի առաջանցիկ զարգացման և ըստ այդմ՝ աուդիտի բարձրագույն ինստիտուտներին ներկայացվող արդի պահանջներին առավելագույնս համարժեք դառնալու իրական հնարավորություններ՝ գործընկեր կառույցների կուտակած փորձը հաշվի առնելու ճանապարհով։
Օրակարգի համաձայն՝ քննարկումների արդյունքում Պալատը հաստատել է Հաշվեքննիչ Պալատի 2021 թվականի գործունեության ծրագրի 2‑րդ մասում տեղ գտած ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում 2021 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը։
Հաշվեքննիչ պալատի փաստաթղթաշրջանառությունը կանոնակարգելու նպատակով Պալատը լրացում է կատարել Հաշվեքննիչ պալատի կանոնակարգում, ինչպես նաև նպատակ ունենալով բարելավել և հետագայում՝ թվայնացնել որոշումների ու դրանց մշակումը հաշվառելու գործընթացը, հաստատել է Պալատի որոշման նախագծերին ներկայացվող պահանջներն ու դրանց նախաձեռնությունից մինչև որոշման վերածվելու ընթացակարգը։
Բացի այդ, ընթացիկ իրավիճակին համարժեք արձագանքելու և հաշվեքննիչ պալատի բնականոն գործունեությունը կազմակերպելու նպատակով Պալատի նիստում մի շարք փոփոխություններ և լրացումներ են կատարվել նախկինում ընդունված որոշումների մեջ։
Կարևորելով Հաշվեքննիչ պալատի արտաքին հաղորդակցությունը՝ Պալատը քննարկել է արտաքին հաղորդակցման հնարավոր գործիքների կիրառության արդյունավետությունը և մշակվող հաղորդակցության ռազմավարության հիմնական դրույթների վրա հիմնվելով՝ ձևակերպել է հաղորդակցության ձևաչափ, որը հավակնում է ապահովել աուդիտի բարձրագույն ինստիտուտների միջազգային ստանդարտներով (ISSAI 20) սահմանված հաղորդակցության պատշաճ մակարդակ։
Հրապարակման ենթակա բոլոր որոշումներին ծանոթացեք այս հղմամբ: