ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ և ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի աջակցությամբ, ինչպես նաև ոլորտի լավագույն մասնագետների ներգրավվածությամբ դեկտեմբերի 1-ին՝ Ծաղկաձորում տեղի է ունեցել համաժողով, որի նպատակն էր ներկայացնել Հաշվեքննիչ պալատի զարգացման հնարավորությունները, օրենսդրական նախաձեռնության հիմնական մոտեցումները, կարգավորումները, լսել շահագրգիռ կողմերի տեսակետներն ու առաջարկները:

«Աշխատանքային ձևաչափով այս քննարկումը շատ կարևոր է նաև այն առումով, որ ինստիտուտի ներկայացուցիչը հանդես է գալիս ոչ միայն իր կողմից ներկայացվող կառույցի տեսակետից, այլ արտահայտում է իր անձնական՝ որոշ դեպքերում նաև փորձագիտական կարծիքը: Վստահ եմ՝ այս կարծիքների բախումը կբերի ավելի լավ փոփոխությունների առաջարկի գործող օրենցդրության մեջ», - նշել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը:

 Պալատի ներկայացուցիչները, մանրամասնելով քննարկվող իրավական փաթեթի հիմնականսկզբունքներն ու մոտեցումները, որոնց մշակման աշխատանքները սկսվել են շուրջ մեկ տարի առաջ, անդրադարձել են նաև Հաշվեքննիչ պալատի տեսլականին՝ բարեփոխումների եւ ռազմավարության առումով: Աշխատաժողովի քննարկման հիմնական թեմաներից էր նաև Պալատի կառավարման մոդելի վերանայմանը վերաբերող հարցը։
Խոսելով ՀՀ արտաքին պետական հաշվեքննության ոլորտի իրավական բարելավումներիհայեցակարգի մասին, Պալատի նախագահը նշել է՝ «Որպես ելակետ վերցվել է Սահմանադրության արտաքին պետական հաշվեքննության գործառույթը կանոնակարգող բաժինը: Փաթեթում ներառել ենք նաեւ մեր պատկերացումները: Մեր կարծիքով Սահմանադրությունը վերանայելու անհրաժեշտություն է առաջացել: Այդ վերանայումներն ավելի հիմնարար կդարձնեն իրավական դաշտը»: 

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Գևորգ Պապոյանի խոսքերով իրավական փաթեթը բազմակողմանի մասնագիտական եւ իրավական քննության պետք է ենթարկվի՝ պետք է քննարկվեն բոլոր դետալները, որպեսզի ունենանք լավարկված օրենսդրություն: Բազմաթիվ հարցեր կան, որոնց շուրջ տարբեր գերատեսչություններ ունեն տարբեր փաստարկներ: Ճշմարտությունը պետք է գտնենք բանավեճի շրջանակում, որպեսզի պատգամավորները ստանան ամբողջական տեղեկատվություն՝ օրենքի հետագա ճակատագրի հետ կապված իրենց որոշումը կայացնելու համար. ասել է Գեւորգ Պապոյանը:

Աշխատաժողովի հիմնական քննարկվող թեմաներից են եղել՝ հարկային, բանկային գաղտնիքինվերաբերող հարցերը, Պալատի ֆինանսական անկախության բաղադրիչը, մարդկային ռեսուրսների կառավարումը, բիզնեսի նկատմամբ հաշվեքննության մանդատին վերաբերող հարցերը:

Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ եւ փորձագետներ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովից, Ֆինանսների, Արդարադատության եւ ՏԿԵ նախարարություններից, ՊԵԿ-ից, Կենտրոնական բանկից եւ ԱԺ բյուջետային գրասենյակից:

 

 

 

 

 

 

 


 

 

Երկուշաբթի, Դեկտեմբեր 5, 2022