2018թ. ապրիլի 11-13-ը Հաշվեքննիչ պալատի պատվիրակությունը մասնակցել է Տալլինում կայացած EUROSAI (եվրոպական երկրների աուդիտի բարձրագույն մարմինների կազմակերպություն) տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) աուդիտի աշխատանքային խմբի 12-րդ նիստին, որին մասնակցում էին 29 երկրի աուդիտի բարձրագույն մարմինների պատվիրակություններ:

Աշխատանքային խմբի նիստի թեմաներն առնչվում էին ՏՏ աուդիտում նոր գործիքների և ուղեցույցների կիրառման, ՏՏ աուդիտի ինքնագնահատման, ինչպես նաև զուգահեռ աուդիտների փորձի փոխանակման խնդիրներին:

Նիստի ընթացքում աշխատանքային խմբի անդամները հաստատել են ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամակցությունը` EUROSAI ՏՏ աուդիտի աշխատանքային խմբին: Անդամակցության կապակցությամբ Հաշվեքննիչ պալատի պատվիրակությունը հանդես է եկել ՀՀ-ում արտաքին պետական հաշվեքննության զարգացման ներկա փուլի և ՏՏ կարողությունների զարգացման մարտահրավերների վերաբերյալ զեկույցով:

Նիստի ընթացքում հռչակվել են նաեւ աշխատանքային խմբի հետագա ռազմավարական նպատակները. աուդիտի բարձրագույն մարմինների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման մարտահրավերների դիմագրավման աջակցություն, զուգահեռ և համատեղ աուդիտների միջոցով`  մասնագիտական համագործակցություն:

Այցի ընթացքում Հաշվեքննիչ պալատի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Էստոնիայի ազգային աուդիտի գրասենյակի ՏՏ աուդիտորների հետ:  Կողմերը քննարկել են աուդիտի մարմինների միջև փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:

Ծանոթություն

EUROSAI  ՏՏ աուդիտի աշխատանքային խումբը ստեղծվել է 2002թ.` Մոսկվայում կայացած EUROSAI համագումարի որոշումով: Աշխատանքային խմբին անդամակցում են 35 երկրի աուդիտի բարձրագույն մարմին, ինչպես նաև Եվրոպայի աուդիտի դատարանը:

Աշխատանքային խմբի նախագահն է Լեհաստանի ազգային աուդիտի գրասենյակը: 2020թ. Աշխատանքային խմբի նախագահությունը կստանձնի Էստոնիայի ազգային աուդիտի գրասենյակը:

ՀՀ հաշվեքննիչ պալատին միջազգային հարթակներում մասնակցության և փորձի փոխանակման նպատակով տեխնիկական աջակցություն է տրամադրում GIZ-ի հայաստանյան գրասենյակը:

 

Շաբաթ, Ապրիլ 14, 2018