Երևան, սեպտեմբերի 16 – Հայաստանի Հաշվեքննիչ պալատը և Շվեդիայի ազգային աուդիտի գրասենյակը (SNAO) ստորագրեցին նոր համագործակցության հուշագիր՝ 2025–2030թթ համար։

 

Սեպտեմբերի 15–16-ին Հաշվեքննիչ պալատը հյուրընկալեց Շվեդիայի ազգային աուդիտի գրասենյակի պատվիրակությանը՝ գլխավոր աուդիտոր Քրիստինա Գելլերբրանտ Հագբերգի գլխավորությամբ։ Պատվիրակության այցի նպատակը երկու բարձրագույն հաշվեքննիչ մարմինների միջև համագործակցությսւնը շարունակելու համար փոխըմբռման հուշագրի ստորագրումն էր։

Այցի մեկնարկին ներկայացվեցին 2024-2025 թվականների Հաշվեքննիչ պալատի գործունեության հիմնական արդյունքները և առաջիկա զարգացման միտումներն ու ռազմավարական ուղղությունները, ինչպես նաև անդրադարձ կատարվեց Հաշվեքննիչ պալատի առջև ծագած մարտահրավերներին, ներառյալ՝ տեխնոլոգիական ենթակառուցվածքների ներդրման, հաղորդակցության կատարելագործման և մարդկային ռեսուրսների կառավարման հարցերին։

Առանձին հանդիպումներ կայացան Շվեդիայի ազգային աուդիտի գրասենյակի  պատվիրակության և Հաշվեքննիչ պալատի՝ գործադիր, էթիկայի, որակի հսկողության և աուդիտի կոմիտեների անդամների, հիմնական մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև գլխավոր քարտուղարի միջև, որոնց ընթացքում քննարկումները ուղղված  էին ոլորտային առավել խորքային հարցերին։

Հանդիպման երկրորդ օրը՝ ղեկավար հանձնաժողովի նիստի ընթացքում, կողմերը կնքեցին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է համագործակցություն մի շարք առանցքային ոլորտներում՝ ֆինանսական և կատարողականի հաշվեքննությունների (աուդիտների) կատարելագործում միջազգային ստանդարտներին համահունչ, կազմակերպչական կարողությունների զարգացում, ներքին կառավարման համակարգերի բարելավում, շահագրգիռ կողմերի հետ հաղորդակցության ամրապնդում և ռազմավարական կառավարման հզորացում։  

Հայաստանի և Շվեդիայի բարձրագույն հաշվեքննիչ մարմինների  միջև կնքված նոր հուշագիրը ոչ միայն ամրապնդում է արդեն ձեռք բերված փոխադարձ համագործակցությունը, այլև բացում է նոր հեռանկարներ Հաշվեքննիչ պալատի ռազմավարական զարգացման համար։ Վերջինս միտված է նպաստել պետական կառավարման արդյունավետությանն ու հաշվետվողականությանը՝ ապահովելով թափանցիկություն և վստահություն հանրության և գործընկերների շրջանակում։

 

 

* * *

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

secretariat@armsai.am
www.armsai.am
LinkedIn: audit-chamber-of-armenia

 



Չորեքշաբթի, Սեպտեմբեր 24, 2025