Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի հրավերով մայիսի 12‑15-ը ընկած ժամանակահատվածում աշխատանքային այցով Հայաստանում է գտնվել Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինի գլխավորած պատվիրակությունը։

Երկու երկրների բարձրագույն հաշվեքննիչ մարմինների՝ ՌԴ հաշվիչ և ՀՀ հաշվեքննիչ պալատների միջև բազմամյա գործընկերային հարաբերությունների արդյունքում ձևավորվել է կառուցողական աշխատանքային մթնոլորտ, որը մշտապես նպաստել է բազմակողմ համագործակցության հարթակներում (ԱՊՀ, ԵԱՏՄ և այլն) համատեղ իրականացվող աշխատանքներին և փորձի փոխանակման շարունակական գործընթացին։

Ողջունելով ՌԴ ՀՊ ներկայացուցիչներին, ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, կարևորել է նման ձևաչափով հանդիպումներն ինչպես պալատների համատեղ աշխատանքների բարելավման, այնպես էլ՝ բարեփոխումների օրակարգի որոշակիացման ու իրականացման տեսակետներից։

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահն անդրադարձել է Պալատի ռազմավարական առումով կարևոր ձեռքբերումներին և հետագա պլաններին՝ որպես առաջնահերթություն առանձնացնելով իսնտիտուցիոնալ կարողությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունը և այդ համատեքստում կարևորել ռուս գործընկերների հետ փորձի փոխանակման հնարավորությունը։

ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը, իր հերթին ողջունելով գործընկեր կառույցի ներկայացուցիչներին, շնորհակալություն է հայտնել հյուրընկալելու համար և, համաձայնելով գործընկերոջ հետ, ընդգծել է նման այցերի և հանդիպումների արդյունավետությունը։ Ալեքսեյ Կուդրինը ներկայացրել է իր կողմից ղեկավարած կառույցի՝ վերջին տարիների ընթացքում փոփոխության ենթարկված մոտեցումներն ու սկզբունքները, խնդիրների լուծման նորարարական ճանապարհները, ձեռքբերումները և անելիքները։

Պատվիրակության անդամների և ՀՀ հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել մտքերի փոխանակում և ձևավորվել են համագործակցության նոր հորիզոններ։ Կողմերը պայմանավորվել են երկու երկրների պետական կառավարման համակարգում համանման գործառույթների պատասխանատվություն ունեցող բարձրագույն հաշվեքննիչ մարմինների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը հեռավար շարունակելու շուրջ։



 

Մայիսի 14-ին ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի և ներկայացուցիչների ուղեկցությամբ:

 

Ռուսաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինն արծաթափայլ եղևնի է տնկել Հիշողության պուրակում։

 

ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինի գլխավորած պատվիրակությանն ընդունել են ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։  Հանդիպումների ընթացքում քննարկվել են բարձրագույն հաշվեքննիչ մարմինների գործունեությանն անմիջականորեն վերաբերող, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակության լայն ընդգրկման հարցեր։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ուրբաթ, Մայիս 13, 2022