Նոյեմբերի 28-ին Երևանում կայացել է ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կոլեգիայի համատեղ նիստը։ 
Նիստին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության բարձրագույն հաշվեքննիչ մարմինների ղեկավարները, պատվիրակներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովից, ներկայացուցիչներ ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսների նախարարություններից և մաքսային մարմիններից:
ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կողմից հաշվեքննություն է իրականացվել 2019 թվականի ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման, անդամ պետությունների բյուջեների փոխանցման ճշտության վերաբերյալ: Դրանց համակարգումը այս տարի իրականացրել է ՀՀ հաշվեքննիչ պալատը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է նիստին և հանդես եկել բացման խոսքով, որում մասնավորապես նշել է. «Եվրասիական տնտեսական միության ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների հարգելի' նախագահողներ,համատեղ նիստի հարգելի' մասնակիցներ և հյուրեր, ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից:
Եվրասիական տնտեսական միությունը արդյունավետ ինտեգրացիոն միավորում է՝ ստեղծված անդամ պետությունների կայուն տնտեսական աճն ու զարգացումը ապահովելու համար: Միությունն արդեն իսկ ապացուցել է իր կենսունակությունն ու արդյունավետությունը, ինչի մասին վկայում են ներքին առևտրաշրջանառության ցուցանիշները, արտաքին առևտրի ծավալները, ինչպես նաև բազում երկրների ցանկությունը ունենալու գործնական և ինստիտուցիոնալ հարաբերություններ ԵԱՏՄ-ի հետ, մասնավորապես՝ առևտրի մասով․․․»։ Ամփոփելով ելույթը՝ փոխվարչապետը բոլորին մաղթել է արգասաբեր, հաջող աշխատանք և հաճելի ժամանց Հայաստանում:
ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն իր ելույթում ասել է. «Ուրախությամբ նշեմ, որ  ամեն տարի ավելի ու ավելի քիչ խախտումներ են կատարվում, դրանք հիմնականում տեխնիկական բնույթի են լինում, և, ամենակարևորը, արագ շտկվում են»։
Հաշվեքննության արդյուքներից պարզ է, որ 2018-ին ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր մարմինները ապահովել են ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման, անդամ պետությունների բյուջեների փոխանցման ճշտությունը ։
Կողմերի 2018 թվականի բյուջեներում ստացված ներմուծման մաքսատուրքերի ընդհանուր ծավալը կազմել է 12.3 միլիարդ դոլար, 2017 թվականի համեմատությամբ եկամուտներն աճել են 667.3 միլիոն դոլարով կամ 5,7 տոկոսով:
 Հաշվեքննիչ պալատի նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին կատարված աշխատանքի համար. «Կարծում եմ՝ մեր առջև դրված առաջադրանքը արժանապատվորեն կատարել ենք»։


Բացման խոսքով հանդես եկան նաև ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների ղեկավարները՝ շատ բարձր գնահատելով ՀՀ հաշվեքննիչ պալատի ընդունելությունն ու այս տարվա համատեղ նիստի առանձնահատկությունները։
Ելույթներից և համատեղ քննարկումներից հետո համատեղ հաշվետվությունը հաստատվել և ստորագրվել է։
Միջոցառման ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը պատասխանեցին լրագրողների հարցերին։ 


Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչներն ու բոլոր պատվիրակություններն այցելել են Մատենադարան, ծանոթացել հայկական մշակույթին, որից հետո ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի գլխավորությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Պատվիրակություններն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը։


 

Հինգշաբթի, Նոյեմբեր 28, 2019