Հունիսի 14-ին կայացել է ՀՀ Ազգային Ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստը։
Նիստի ընթացքում Հաշվեքննիչ պալատի 2021 թվականի տարեկան հաղորդումը ներկայացրել է Պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը։
Նա իր խոսքում նշել է, որ ՀՀ Սահմանադրության և օրենքներով Պալատը սահմանված է որպես բացառիկ մենաշնորհային գործառույթ ունեցող պետական մարմին, որի պարտավորությունն է հաշվեքննության ենթարկել այլ պետական մարմինների, և արտահայտել մասնագիտական, օբյեկտիվ կարծիք այն մասին, թե հանրային սեփականությունը և հանրային ֆինանսերը ինչպես են կառավարվել՝ արդյունավետության ինչ աստիճան են ունեցել և որքանով է օրինական եղել հանրային ֆինանսների և սեփականության կառավարումը։
Ըստ օրենքով սահմանված ընթացակարգերի, Պալատը հաշվեքննություն է իրականացրել և ձևավորել է մասնագիտական ու օբյեկտիվ կարծիք հանրային ֆինանսների և սեփականության օգտագործման վերաբերյալ։
Պալատի նախագահը տեղեկացրել է, որ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կողմից հանրային սեփականության և ֆինանսերի հաշվեքննության գործընթացի հիմք հանդիսացող մեթոդաբանությունները և ուղեցույցները բավականին ստանդարտացված և լավ կանոնակարգված են։
Այդ առումով, Ատոմ Ջանջուղազյանը կարևորել է այն հանգամանքը, որ ՀՀ հաշվեքննիչ պալատն անդամակցում է բարձրագույն հաշվեքննիչ մարմինների միջազգային կազմակերպությանը (INTOSAI), որին անդամակցում են ՄԱԿ-ի անդամ 195 երկրներ և ՄԱԿ-ի կողմից ճանաչված նշյալ կազմակերպությունը հաստատում է արտաքին հանրային հաշվեքննության համար կիրառելի համապարփակ ստանդարտները և մեթոդաբանությունը, որոնք ճանաչվում են որպես հանրային հատվածի արտաքին հաշվեքննության (աուդիտի) միջազգային ստանդարտներ և անդամ երկրները ձգտում են հասնել ստանդարտների կիրառության առավելագույն աստիճանի։
Պալատի նախագահը նշել է, որ 2021 թվականին Պալատը, առաջնորդվելով նույն թվականի իր տարեկան ծրագրով, իրականացրել է 94 հաշվեքննություն։ Վերոնշյալ տարեկան ծրագրի առաջին մասով՝ Պալատը իրականացրել է հաշվեքննություններ պետական բյուջեի երեք, վեց, ինն ամիսների և տարեկան կատարման նկատմամբ, երկրորդ մասով՝ հաշվեքննություններ ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությումբ, իսկ երրորդ մասով՝ գործառույթից բխող մասնակցություն է ունեցել միջազգային պայմանագրից բխող համատեղ միջոցառումներին։
Գործունեության ծրագրի երկրորդ մասում նախատեսված էր իրականացնել 30 հաշվեքննություն, բայց դրանցից ավարտվել են 19-ը, իսկ 11-ը հետաձգվել և տեղափոխվել են 2022 թվականի գործունեության ծրագիր։ Սա պայմանավորված էր հաստատված ծրագրի պարագայում՝ վերջինից դուրս, ԱԺ կողմից երկու ծավալուն հաշվեքննություններ իրականացնելու առաջարկով, որի արդյունքում Պալատը՝ ռեսուրսների սահմանափակումը հաշվի առնելով փոփոխել է իր գործունեության ծրագիրը։
Գործունեության ծրագրի առաջին մասում, Պալատը ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացություն կազմելու նպատակով իրականացրել 65 հաշվեքննություններ 17 պետական մարմիններում՝ ապահովելով պետական բյուջեի ծախսային մասի շուրջ 91%-ը ծածկույթ։
Ատոմ Ջանջուղազյանը անդրադարձել է 2021 թվականին իրականացված ֆինանսական և համապատասխանության հաշվեքննությունների արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների և խեղաթյուրումներ վիճակագրությանը և տեղեկացրել, որ Պալատը արձանագրել է 171 անհամապատասխանություններ 12 գերատեսչություններում, և 42 խեղաթյուրումներ 5 գերատեսչություններում՝ վերջինս կազմել է պետական բյուջեի ծախսային մասի 0.05%-ը:
2021 թվականին իրականացված կատարողականի հաշվեքննությունների արդյունքներին անդրադառնալով Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ Պալատը՝ պետական ծրագրերի արդյունավետության վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ և միջազգային ստանդարտներով սահմանված կարգավորումների համաձայն արված դատողության շրջանակում, նպատակային արդյունավետության տեսակետից անհամապատասխանություն է արձանագրել 9 դեպքում, ծախսային արդյունավետության տեսակետից՝ 10 դեպքում և ոչ տնտեսող է ճանաչել 6 դեպք։
Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել է նաև, որ պետական մարմինների արտաքին հաշվեքննության նպատակներից մեկը խորհրդատվությունն է, ինչի շրջանակում ՀՀ պետական մարմիններին 2021 թվականին ուղղվել են 114 առաջարկներ՝ 47-ը համակարգին, 23-ը՝ արդյունքին, 44-ը՝ խնդիրներին միտված։
2021 թվականին Պալատի գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը համապատասխանել են օրենսդրության պահանջներին և Պալատի կայք էջում հրապարակվել է սահմանված ամբողջ տեղեկատվությունը՝ բացառությամբ գաղտնիք պարունակող տվյալներից։