2024թ. հոկտեմբերի 11-ին Հաշվեքննիչ պալատի հաստատած հաշվետվությունն ամփոփում է առողջապահական կրիտիկական ֆիզիկական ենթակառուցվածքների (մասնավորապես՝ շենք-շինությունների)՝ արտակարգ իրավիճակներին պատրաստվածության գնահատման արդյունքները:

Ենթակառուցվածքի խոցելիությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն հիմնականում ձևավորվել է խորհրդային շրջանում և անգամ նախագծային մակարդակում չի բավարարում գործող շինարարական նորմերին:

Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է տվյալ բնագավառում հանրային կառավարման բարելավմանը միտված մի շարք առաջարկներ, որոնք ներառում են՝

- ներդնել արտակարգ իրավիճակներին առողջապահական ենթակառուցվածքի պատրաստվածության խզումը գնահատելու և մշտադիտարկելու ինստիտուցիոնալ համակարգ.

- Առողջապահության նախարարության ինստիտուցիոնալ առաջնորդությամբ, պետական և տեղական ինքնակառավարման այլ շահագրգիռ մարմինների, մասնավոր բժշկական հաստատությունների և միջազգային դոնորների հետ համագործակցաբար, մշակել առողջապահական   ենթակառուցվածքի դիմակայունության բարձրացման ծրագիր.

- լիցենզավորման, տեսչական ստուգման, կարգավորման և միջազգային համագործակցության գործառույթների արդյունավետ իրականացմամբ ժամանակի ընթացքում նվազեցնել առկա խզումը.

- զարգացնել տվյալ բնագավառում աղետների ռիսկի կառավարման կարողությունները:

Հաշվեքննության իրականացումը հնարավոր է դարձել Առողջապահության նախարարության ու գործադիր իշխանության մյուս պատկան մարմինների հետ համատեղ շահագրգիռ աշխատանքի շնորհիվ:

Հաշվեքննիչ պալատը հետհսկողություն է իրականացնելու հաշվեքննության առաջարկությունների կատարման նկատմամբ՝ առողջապահական ենթակառուցվածքի դիմակայունության բարելավման ընթացքի վերաբերյալ պարբերաբար տեղեկացնելով հանրությանը, Ազգային ժողովին և Կառավարությանը:

 

Երեքշաբթի, Հոկտեմբեր 29, 2024