2018 թվականի hունիսի 13-ին ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ կառավարության 2017 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման մասին ՀՀ հաշվեքննիչ պալատի եզրակացությունը: Ելույթում Լևոն Յոլյանը նշեց, որ Հաշվեքննիչ պալատի եզրակացությամբ արձանագրվել է 8 հիմնական խնդիր և դրանց մասով ներկայացվել են կոնկրետ առաջարկություններ:

 Առաջարկությունները մասնավորեցնելով՝ Պալատի նախագահը նշեց, որ դեռևս 2008 թվականին պալատն առաջարկել էր պետական բյուջեում արտացոլված բոլոր վարկային և դրամաշնորհային միջոցները շրջանառել գանձապետական միասնական հաշվով, արդյունքում արդեն 2010 թվականից վարկային և դրամաշնորհային միջոցների մի մասը սկսեց շրջանառվել գանձապետական համակարգով: Սակայն, պետության կամ համայնք­ների կողմից հիմնադրված կազմակերպությունների ֆինան­սա­կան հոսքերի շրջանառությունը մինչ օրս չի տեղափոխվել գանձապետական համակարգ: Խոսքը գնում է ՊՈԱԿ-ների, ՀՈԱԿ-նե­րի, հիմնադրամների և բաժնետիրական ընկերությունների մա­սին:

Հաշվեքննիչ պալատի նախագահը ներկայացրեց, որ այս տարի առաջին անգամ Հաշվեքննիչ պալատն անդրա­դարձ է կատարել պետական բյուջեի հիմքում ընկած ոչ ֆինան­սական ցուցանիշներին: Մասնավորապես,  ծախսային միջոցառումներից 17.4%-ի գծով ոչ ֆինանսական ցուցանիշ ընդհանրապես սահմանված չի եղել, իսկ 59.3%-ի գծով սահմանված է եղել միայն մեկ տեսակի ոչ ֆինանսական ցուցանիշ (հիմնականում քանակական), ինչն անբավարար է նշված միջոցառումների արդյունքների լիարժեք գնահատումն ապահովելու համար:

Լևոն Յոլյանը նշեց, որ,  վերջիվերջո, կարևոր է ոչ միայն այն, թե ինչ ծրագրեր է Կառավարությունն իրականացնում, այլ շատ ավելի կարևոր է, թե ինչպե՞ս է ծրագիրն իրականացվում և ի՞նչ վերջնական արդյունք է ստացվում կամ արդյո՞ք բարենպաստ պայմաններ են ստեղծվում հասարակության և բնակչության համար։:

Այնուհետև, Պալատի նախագահը անդրադարձավ արտաբյուջեներին, արձանագրելով, որ օրենսդիր մար­մի­նն արտաբյուջետային հաշիվների պլանավորման նկատ­մամբ բավարար վերահսկողության հնարավորություն չունի, քանի որ այդ միջոցները տնօրինող գերատեսչություններն իրենք են որոշում իրենց արտաբյուջետային մուտքերը և դրանց հաշվին իրականացվող ելքերը։ Յոլյանն առաջարկեց ՀՀ պե­տա­կան բյուջեի մասին հաջորդ օրենքի նախագծում ներա­ռել նաև արտաբյուջետային մուտքերն ու ելքերը:

Հաշվեքննիչ պալատի նախագահը խոսեց նաև Հաշվեքննիչ պալատի կողմից քրեաիրավական բնույթի կասկածների հիման վրա հարուցված քրեական գործերի մասին, մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության, Սևան ազգային պարկի և Տավարաբուծության զարգացման ծրագրի մասով։

Ամփոփելով ելույթը՝ Լևոն Յոլյանը նշեց, որ ըստ Հաշվեքննիչ պալատի եզրակացության, պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մեջ արտացոլված թվերը արժանահավատ են, իսկ «2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները` կատարված:

Ծանոթություն. «Հայաստանի Հանրապետության 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի եզրակացությունը տեղադրված է Հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում՝ www.armsai.am :

Չորեքշաբթի, Հունիս 13, 2018