Հաշվեքննիչ պալատը հիմնվելով 2019 թվականի մարտի 18-ի թիվ 5/1 և 5/2 որոշմումների վրա պալատի 2018 թվականի տարեկան ծրագրով նախատեսված «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունում իրականացվող ստուգման ընթացքում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ նյութերն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն: Ստուգման ավարտին դատախազություն է ուղարկվել նաև հաշվեքննության ամբողջական նյութը: 
Ուսումնասիրություններից հետո սույն թվականի մայիսի 20-ին ՀՀ գլխավոր դատախազությունը, հիմք ընդունելով ՀՀ hաշվեքննիչ պալատի տրամադրած փաստաթղթերն ու տեղեկատվությունը, հանդես է եկել հայտարարությամբ և կասկածի տակ դնելով «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության կողմից մի քանի ենթակայաններում և մասնաշենքերում վերակառուցման և այլ աշխատանքներ իրականացնելու գործընթացների օրինականությունը: 
Հաշվեքննության ընթացքում պալատը պարզել է, որ «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության աշխատակիցները, չարաշահելով պաշտոնեական դիրքը, տարբեր դրդապատճառներից ելնելով, բազմաթիվ կոպիտ խախտումներ են կատարել՝ անտեսելով «Գնումների մասին» ՀՀ օրենքը: Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության ծառայողները, օգտագործելով իրենց լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ, ընկերությանը շուրջ 867 մլն. 840 հազ. դրամի վնաս են պատճառել: 
Իր հաղորդման մեջ ՀՀ գլխավոր դատաղազությունը մանրամասն անդրադարձ է կատարել բոլոր խախտումներին և չարաշահումներին:
Այսպիսով, հիմք ընդունելով հաշվեքննիչ պալատի կողմից տրամադրված փաստերը՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Երեքշաբթի, Մայիս 21, 2019