2024թ մայիսի 13-ին Հաշվեքննիչ պալատում Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) գլխավոր ֆինանսական տնօրեն Ռեջինալդ Միտչելի և  ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի հետ։

 Ողջունելով հյուրերին՝ Հաշվեքննիչ պալատի նախագահը բարձր է գնահատել USAID‑ի ներդրումը Հաշվեքննիչ պալատի գործունեության բարեփոխումների իրականացման ծրագրում՝ հատկապես կարևորելով պալատի կարողությունների զարգացման գործում ԱՄՆ Բարձրագույն հաշվեքննիչ մարմնի՝ կառավարության հաշվետվողականության գրասենյակի (GAO) մասնագիտական աջակցությանը նպաստելու հանգամանքը։

Պատասխան խոսքում USAID գլխավոր ֆինանսական տնօրեն Միտչելը ընդգծել է, որ USAID-ն հավատարիմ է Հայաստանի պետական մարմիններին աջակցելու իր հանձնառությանը և նպատակ ունի օժանդակել դրանց արդյունավետության բարձրացմանը` հանուն հանրային շահի։ Միևնույն ժամանակ, բանախոսը նշել է, որ Հաշվեքննիչ պալատի հետ համագործակցության ծրագրի արդյունքներն արժանի են դրվատանքի։

USAID հայաստանյան առաքելության տնօրեն Ալելոն, իր հերթին, նշել է, որ  ԱՄՆ կառավարությունը վստահ է, որ կայուն և անկախ Հաշվեքննիչ պալատը կարող է վճռորոշ դեր խաղալ պետական հատվածի հանդեպ քաղաքացիների վստահության ամրապնդման և հանրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ապահովման գործում՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների։

Բանախոսները նաև մտքեր են փոխանակել Հաշվեքննիչ պալատի իրավական բարեփոխումների ընթացքի վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ արտաքին պետական հաշվեքննության վերանայվող իրավական դաշտը հաշվեքննության նոր որակի ապահովման միջոցով առաջիկայում առանցքային նշանակություն կունենա Հայաստանի հանրային ֆինանսների կառավարման ոլորտի համար։

 

Ծանոթություն
2020 թվականի հունիսի 23-ին մեկնարկել է «Տեխնիկական օժանդակություն ՀՀ հաշվեքննիչ պալատին» 1 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով եռամյա ծրագիրը (2023թ․-ին երկարաձգվել է ևս 2 տարով), որն իրականացվում է USAID-ի և GAO-ի աուդիտի գերազանցության կենտրոնի միջգերատեսչական պայմանագրի շրջանակներում։ Հնգամյա ծրագրի շրջանակում GAO-ի աուդիտի գերազանցության կենտրոնը ՀՀ Հաշվեքննիչ պալատին տրամադրում է կարողությունների զարգացման, վերապատրաստման և խորհրդատվական ծառայություններ

 

 

Չորեքշաբթի, Մայիս 15, 2024