2025 թվականի հոկտեմբերի 27-31-ին Եգիպտոսի ք Շարմ Էլ Շեյխում կայացել է Բարձրագույն հաշվեքննիչ մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) XXV համագումարը (INCOSAI): Համագումարին մասնակցում էր նաև INTOSAI-ի լիիրավ անդամ հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի պատվիրակությունը՝ Հաշվեքննիչ պալատի անդամ Ժիրայր Մխիթարյանի ղեկավարությամբ։

Համագումարի ընթացքում քննարկումները կենտրոնացել էին երկու առանցքային թեմաների վրա.

  • Արհեստական բանականության կիրառումն աուդիտում.
  • Կենտրոնական բանկերի և կառավարության գործունեության աուդիտը ֆինանսատնտեսական ճգնաժամերի ժամանակ:

Հաշվեքննիչ պալատի պատվիրակությունը համագումարի տարբեր համագործակցային հարթակներում երկկողմ հանդիպումներ և ճեպազրույցներ ունեցավ Լատվիայի, Շվեդիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ֆրանսիայի և այլ երկրների բարձրագույն հաշվեքննիչ մարմինների պատվիրակությունների հետ, ինչպես նաև մասնակցեց համագումարի հարթակում կազմակերպված հարակից մասնագիտական քննարկումներին։ Քննարկումների ընթացքում վեր հանվեցին Հաշվեքննիչ պալատի միջազգային համագործակցության խորացման նոր հնարավորություններ:

Համագումարի արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Շարմ Էլ Շեյխի հռչակագիրը, որն առաջիկա տարիներին ուղենշելու է բարձրագույն հաշվեքննիչ մարմինների օրակարգը:

Համագումարի ընթացքում տեղի ունեցան նաև INTOSAI կառավարման խորհրդի կազմի ընտրությունները, քննարկվեցին INTOSAI-ի տարածաշրջանային կազմակերպությունների և հանձնաժողովների հաշվետվությունները, կազմակերպության աուդիտորի եզրակացությունը և օրակարգային այլ հարցեր:

INTOSAI-ի նախագահությունը Բրազիլիայի հաշվեքննիչ մարմնից անցավ Եգիպտոսի հաշվեքննիչ մարմնին: Որոշվեց հաջորդ՝ XXVI համագումարն անցկացնել 2028թ.-ին՝ Ինդոնեզիայում:

Աշխարհի 195 պետությունների միավորող բարձրագույն հաշվեքննիչ մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) համագումարը (INCOSAI) Կազմակերպության որոշումներ կայացնող բարձրագույն մարմինն է, որի նիստերը գումարվում են եռամյա պարբերականությամբ:

 

* * *

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

secretariat@armsai.am
www.armsai.am
LinkedIn: audit-chamber-of-armenia

 



Երեքշաբթի, Նոյեմբեր 11, 2025