ԻՆՉՈ՞Ւ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ ՀԱՇՎԵՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ.

1990-ական թվականների սկզբին շուկայական տնտեսության անցումն ու գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականաշնորհումն ուղեկցվեց փոքր ու մասնատված կառուցվածքներով գյուղացիական տնտեսությունների առաջացմամբ։

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողեր ունեցող տնտեսությունների կառուցվածքում գերակշռում են ֆիզիկական անձի կարգավիճակով (96.3%-ը) փոքր տնտեսությունները (միջինում՝ 1.53 հա տարածքով)։

Վերջին տասնամյակում տնտեսությունների չափերն էապես չեն փոփոխվել։ Գյուղատնտեսական համատարած հաշվառումների միջև ընկած տասնամյա ժամանակահատվածում (2014-2024թթ.) ֆիզիկական անձի կարգավիճակով տնտեսությունների գյուղատնտեսական նշանակության հողերի միջին չափը փոխվել է ընդամենը 0.05 հա-ով։ Բացի այդ, տնտեսությունների շուրջ կեսը կազմված է եղել երեք և ավելի հողակտորներից, իսկ 20%-ը՝ հինգ և ավելի հողակտորներից։

Առկա իրավիճակը պայմանավորեց հողերի կոնսոլիդացիայի գործիքի՝ որպես գյուղացիական տնտեսությունների անարդյունավետ կառուցվածքների բարելավման առանցքային միջոցի, բարձր արդիականությունը։

Այն նախատեսվել էր ներդնել «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030թթ. ռազմավարությամբ»։ 2022թ. Կառավարությունն ընդունել է «ՀՀ-ում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025թթ. ծրագիրը»։

Տվյալ հաշվեքննության նպատակն է եղել՝ գնահատել ՀՀ-ում հողերի կոնսոլիդացման գործընթացի արդյունավետությունը և ներկայացնել այդ գործընթացի բարելավմանն ուղղված առաջարկություններ։

 

Ի՞ՆՉ ԱՐՁԱՆԱԳՐՎԵՑ.

Հաշվեքննությամբ արձանագրվեց, որ հողերի կոնսոլիդացիային ուղղված պետական քաղաքականության միջոցառումների կատարման ընթացքում չեն ապահովվել նախատեսված նպատակներն ու ակնկալվող արդյունքները։ Մասնավորապես, հաշվեքննությունն ընդգրկող 2023-2025թթ. ժամանակահատվածում հողերի կոնսոլիդացիայի բյուջետային միջոցառման գծով կատարողականը բացակայել է (2023-2025թթ. Ծրագրի շրջանակում նախատեսվել էր միավորել 1363 հա հողեր, իսկ փաստացի միավորվել է 0 հա

Որպես հաշվեքննության չափանիշ դիտարկելով տվյալ բնագավառում կուտակված միջազգային լավագույն փորձը (ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ուղեցույցներով սահմանված), արձանագրվել է, որ ՀՀ-ում գործող ինստիտուցիոնալ կառուցակարգերը բավարար չեն՝ ապահովելու համար հողերի արդյունավետ, մասշտաբային կոնսոլիդացում։

 

Ի՞ՆՉ ԱՆԵԼ.

Հողերի կոնսոլիդացիայի գործընթացում մասշտաբի էֆեկտի ապահովումը կունենա մուլտիպլիկատիվ ազդեցություն գյուղատնտեսության խթանման այլ բյուջետային միջոցառումների արդյունավետության և ոլորտի զարգացման վրա։


Հաշվեքննիչ պալատը ներկայացնում է մի շարք առաջարկներ, որոնք ուղղված են հողերի կոնսոլիդացիայի՝ միջազգային լավագույն փորձով նախատեսված պարամետրերով գործիքակազմի ներդրմանը։

Առաջարկվել է նաև օգտագործել հողերի կոնսոլիդացիայի գործիքակազմի ներուժը մասշտաբային ենթակառուցվածքային նախագծերի (օրինակ՝ ավտոճանապարհ, երկաթուղի, ջրաշինարարական նախագծեր), շրջակա միջավայրի ու տարածքային զարգացման բնագավառներում պետական քաղաքականության միջոցառումների շրջանակում՝ որպես հանրային գերակա շահի ճանաչման գործիքին այլընտրանք։

 

 

* * *

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

secretariat@armsai.am
www.armsai.am
LinkedIn: audit-chamber-of-armenia

Հինգշաբթի, Հուլիս 23, 2026