Ղեկավարելով ՀՀ Սահմանադրությամբ և «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքով,
Հաշվեքննիչ պալատի համար սահմանված օբյեկտիվության, քաղաքական չեզոքության, հրապարակայնության, ինչպես նաև թափանցիկության սկզբունքներով, հայտարարում եմ`
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը 2020 թվականի հունիսի 25-ին, ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստի ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի տարեկան հաղորդման քննարկման ժամանակ իր ելույթում հնչեցրել է ՀՀ հաշվեքննիչ պալատի և ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի հասցեին իրականությանը չհամապատասխանող գնահատականներ և արտահայտություններ, որոնք վայել չեն պատգամավորին։ Դրանով, պատգամավոր Արման Բաբաջանյանն իր պատգամավորական լիազորություններն իրականացնելիս, օգտագործելով պատգամավորի պաշտոնի իր հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի, չի ցուցաբերել հարգալից վերաբերմունք՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի և նախագահի նկատմամբ, խախտելով՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պատգամավորի էթիկայի կանոնները։
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը, խախտելով սահմանադրական և քրեադատավարական կարևորագույն անմեղության կանխավարկածի սկզբունքը, հիմնվելով ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշխատակից Արամայիս Սարգսյանի մամուլում արված ստահոդ հայտարարությունների վրա, ՀՀ հաշվեքննիչ պալատին և ղեկավարությանը մեղադրել է հանցագործության մեջ։
- ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշխատակից Արամայիս Սարգսյանի՝ 2020 թվականի մայիսի 8-ին «www.1in.am» լրատվամիջոցում արված հայտարարությունների վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատը, 2020 թվականի մայիսի 12-ին պաշտոնապես դիմել է «www.1in.am» լրատվամիջոցին, խնդրելով՝ օրենքով սահմանված կարգով հրապարակել ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշխատակից Արամայիս Սարգսյանի հնչեցրած արտահայտությունների վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի հերքումը, ինչը մինչ օրս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող «www.1in.am» լրատվամիջոցի կողմից չի ապահովվել։
- ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշխատակից Արամայիս Սարգսյանի 2020 թվականի՝ մայիսի 8-ին «www.1in.am» լրատվամիջոցում արված հայտարարությունների վերաբերյալ՝ ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է իր հերքումը, հորդորելով վերջինիս դադարեցնել զրպարտող գործելաոճը։ Հերքմանը կարելի է ծանոթանալ ՀՀ հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով http://armsai.am/hy/patasxan-palat
- Հայտնի է դարձել, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը, 2020 թվականի՝ հունիսի 26-ին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել, որտեղ որոշակիորեն վերարտադրել է 2020 թվականի հունիսի 25-ին ՀՀ հաշվեքննիչ պալատի հասցեին ուղղված իր անհիմն մեղադրանքը։ Այն է՝ նշյալ պատգամավորը, ընդունելով, որ թեև ՀՀ հաշվեքննիչ պալատի ուսումնասիրություններն արժեքավոր են, այնուամենայնիվ, մեղադրում է ՀՀ հաշվեքննիչ պալատին տարբեր ոլորտներում իրականացված ուսումնասիրության արդյունքները ՀՀ գլխավոր դատախազություն ինքնուրույն և անմիջապես չուղարկելու մեջ։ Մինչդեռ, երեք տարի շարունակ, թե´ ՀՀ հաշվեքննիչ պալատը, թե´ ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակայնորեն, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից, խոսում են այդ և համանման նյութերի, դրանց մասով միմյանց հետ արդյունավետ համագործակցության, արդեն հարուցված քրեական գործերի և դրանց ընթացքի մասին, մասնավորապես, երկուստեք նշելով, որ երկու առանձին պետական մարմինների միջև կա հստակ աշխատանքային համաձայնություն և պայմանավորվածություն ինչպես աշխատել հաշվեքննության նյութերի հետագա քրեաիրավական բնույթի գործընթացներում, անշուշտ, առաջնորդվելով այն պայմանով, որ հաշվեքննության նյութերը պետք է հրապարակվեն ամբողջությամբ, ինչը վստահաբար անում է ՀՀ հաշվեքննիչ պալատը, քանի որ դա բավարար է դատախազական մարմինների համար հետևելու պալատի բոլոր հրապարակումներին և անհրաժեշտության դեպքում տալու իրավական գնահատական այս կամ այն նյութի վերաբերյալ։ Ընդ որում, հաշվեքննիչ և դատախազական մարմինները հրապարակայնորեն մատնանշել և շարունակում են մատնանշել, որ հաշվեքննության որևէ արդյունք դուրս չի մնում արժանի իրավական գնահատման շրջանակից, քանի որ աշխատանքային կարգով բոլոր անհրաժեշտ նյութերն ու պարզաբանումները տրվում են հաշվեքննողների կողմից։ Այո´, լինում են նաև դեպքեր, երբ Հաշվեքննիչ պալատն ինքն է ուղարկում նյութերը՝ դրանցում առերևույթ հանցագործության ակնհայտ հատկանիշներ տեսնելիս։ Սակայն, հիմնականում իրավապահ մարմինները, նախապես տիրապետելով տվյալ հաշվեքննության առարկայի վերաբերյալ լրացուցիչ օպերատիվ նշանակության տեղեկատվությանը, գտնում են նպատակահարմար պահանջելու հաշվեքննությունից անհրաժեշտ փաստաթղթեր, և դրանց մասով նախաքննչական գործողություններ իրականացնելուց և համապատասխան նյութեր պատրաստելուց հետո որոշում են հարուցել քրական գործեր։
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանին ՀՀ հաշվեքննիչ պալատը պաշտոնապես տեղեկացրել է, որ այդ նյութերի մասով իրավապահ մարմինները, հիմնվելով ՀՀ հաշվեքննիչ պալատի հրապարակային ուսումնասիրության արդյունքների վրա, հետագայում իրականացրել են քննչական, օպերատիվ հետախուզական և այլ բնույթի մասնագիտական գործողություններ, որոնց արդյունքում է միայն եզրահանգվել, որ անհրաժեշտ է հարուցել քրեական գործեր։
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանն, ամբողջությամբ չի տիրապետում ՀՀ օրենսդրությամբ արտաքին պետական հաշվեքննության (արտաքին պետական վերահսկողության) և քննչական, դատախազական գործառույթների միջև եղած իրավական և մասնագիտական տարբերություններին, ինչպես նաև դրանց բոլորի մասով պատասխանատու անձանց համար օրենքով սահմանված լիազորությունների և պարտականությունների շրջանակին, հատկապես նկատի ունենալով, հաշվեքննության, թերևս, ամենակարևոր սկզբունքը՝ հավեքննության նյութերը դարձնել հրապարակային։ Այս իմաստով զավեշտալի է, թե ինչպե՞ս է պատգամավոր՝ Արման Բաբաջանյանը, ով հանդիսանում է «հայտնի» լրատվամիջոցի սեփականատեր, և տեղյակ լինելով պալատի բոլոր ուսումնասիրություններին, հանկարծ որոշում է չարախոսել պալատի հասցեին հենց այն պահին, երբ ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակում է միլիարդավոր դրամների հասնող խախտումների մասին։
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանին հորդորում եմ դադարեցնել ՀՀ հաշվեքննիչ պալատի հասցեին արվող անհիմն և ստահոդ հայտարարություններն ու գնահատականները։
- ՀՀ հաշվեքննիչ պալատի ձևավորման օրվանից սկսած ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը, անտեսելով ՀՀ հաշվեքննիչ պալատի և նախագահի պարզաբանումները, ՀՀ հաշվեքննիչ պալատին և նախագահին պարբերաբար հետապնդում է իր՝ իրականությանը չհամապատասխանող և ստահոդ արտահայտություններով և գնահատականներով, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Արման Բաբաջանյանը կա´մ հայտնվել է շփոթի մեջ, կա´մ շարժվում է մեզ անհայտ շահերով։
- Հայտնում եմ իմ լիարժեք պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը ինչպես ՀՀ հատուկ քննչական ծառայության, այնպես էլ այլ պետական մարմինների հետ, ստեղծելով բոլոր հնարավոր պայմանները, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ հաշվեքննիչ պալատի համբավը կասկածի տակ դնող գնահատականներն ու կասկածանքները փարատելու ուղղությամբ։
- Միաժամանակ, նկատի ունենալով ՀՀ հաշվեքննիչ պալատի դերն ու նշանակությունը ՀՀ պետականության համար, խնդրում եմ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հետևել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ՀՀ հաշվեքննիչ պալատին ուղղված վարքագծին, հատկապես, նկատի ունենալով տարբեր ոլորտներում հաշվեքննությամբ բացահայտված խախտումների և դրանցով պայմանավորված հնարավոր փոխկապակցվածության հանգամանքը։
- Նկատի ունենալով վերոգրյալը, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ հաշվեքննիչ պալատի հեղինակությանը հասցված վնասը, դիմում եմ ՀՀ Ազգային ժողովին, նախաձեռնել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործընթաց։
Երկուշաբթի, Հունիս 29, 2020