Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության զարգացման նախաձեռնության (INTOSAI IDI) կողմից ՀՀ հաշվեքննիչ պալատը ստացել է անկախ հավաստիացում Աուդիտի բարձրագույն մարմինների կատարողականի գնահատման ձևաչափի (SAI PMF) համաձայն իրականացված ինքնագնահատման հաշվետվության վերաբերյալ:
Ինքնագնահատման առարկան է եղել ՀՀ վերահսկիչ պալատի գործունեության կատարողականը: Գնահատումն իրականացվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի Մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության կողմից, իսկ որակի հավաստիացումը տրամադրվել է INTOSAI IDI-ի որակավորված մասնագետ Բիլ Բարնեթի կողմից:
Հավաստիացման նպատակն էր՝ երաշխավորել, որ SAI PMF-ի մեթոդաբանությունը պահպանված է, որ գնահատման ընթացքում օգտագործված ապացույցները բավարար են, որ վերլուծությունը համահունչ է ապացույցներին, որ ամփոփագիրը համահունչ է վերլուծությանը: Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության զարգացման նախաձեռնության (INTOSAI IDI) կողմից ստացված անկախ հավաստիացման հաշվետվությունում արձանագրվեց, որ IDI-ի կողմից ստացված վերջնական հաշվետվությունում բոլոր նպատակները բավարար չափով ապահովված են: Սույն հավաստիացման գործընթացում բարձրացված բոլոր էական հանգամանքները հասցեագրված են:
Միևնույն ժամանակ, ՀՀ հաշվեքննիչ պալատի աշխատանքը արժանացել է IDI-ի ներկայացուցիչների բարձր գնահատականին, որում, մասնավորապես, ասված է. Շնորհավորում ենք կատարված աշխատանքի կապակցությամբ: Վերջնական արդյունքը, հիրավի, տպավորիչ է: Մեր կարծիքով սա լավագույն ինքնագնահատումներից մեկն է, և դուք պետք է իսկապես հպարտանաք տվյալ աշխատանքով:
Հաշվեքննիչ պալատի կողմից իր աշխատանքի ինքնագնահատումների իրականացումը կրելու է շարունակական բնույթ և ծառայելու է, որպես հեռանկարային ռազմավարական-ինստիտուցիոնալ զարգացման հիմք: