Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը մայիսի 30-ին ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պատկիրատությանը: ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) առաքելության ղեկավար Դեբորա Գրիսերը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը միտված է հզորացնելու Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության գործառույթը և օժանդակելու նրա բարեփոխումներին:

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը բարձր գնահատեց միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցությունը և նշեց, որ պալատի կարևորգույն խնդիրներից մեկն է լինելու INTOSAI ստանդարտներով աուդիտ իրականացնելը:

«Բարձր եմ գնահատում այն աշխատանքները, որ պետք է միասին անենք: Դուք տեղյակ եք, որ մենք ունենք նոր օրենք, նոր մարտահրավերներ, նոր պահանջներ: Տարիների ընթացքում փորձ ենք ձեռք բերել վերահսկողության դաշտում, որը, բնականաբար, մեզ շատ կօգնի, բայց ներկայումս պետք է փորձենք բոլոր մեր գործողություններն անել INTOSAI ստանդարտներին համահունչ և համապասխան» ,- ասաց Յոլյանը:

Յոլյանը նաև կարևորեց կադրերի վերապատրաստման դաշտում  համատեղ  աշխատանքը:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերը նշեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ն հպարտ է սատարել հաշվեքննիչ պալատի ներկայիս բարեփոխումներին: «ԱՄՆ կառավարությունը գտնում է, որ ամուր և անկախ հաշվեքննիչ պալատը կարող է առանցքային դերակատարում ունենալ պետական հաստատությունների նկատմամբ Հայաստանի քաղաքացիների վստահության ձևավորման գործում և ապահովել հանրային ռեսուրսների կիրառում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, ծախսարդյունավետության և արդյունքների հասնելու ուղղությամբ»,- ասել է նա:

Ի սատարում այս նպատակների՝ ԱՄՆ ՄԶԳ-ն կաշխատի ՀՀ հաշվեքննիչ պալատի հետ՝ վերջինիս վերապատրաստման դասընթացների և աշխատակազմի կարողությունների զարգացման ասպարեզում: Մասնավորապես, ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ԱՄՆ բարձրագույն աուդիտի մարմինը (Government Accountability Office) մասնագիտական աջակցություն կցուցաբերի ՀՀ հաշվեքննիչ պալատին:

ԱՄՆ ՄԶԳ-ն նաև հնարավորություններ կդիտարկի՝ աջակցելու հաշվեքննիչ պալատին իր ՏՏ ենթակառուցվածքի արդիականացման հարցում՝ դրանք նոր օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:

Կողմերը նաև կդիտարկեն ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող միջկառավարական (G2G) ծրագրերի գործունեության հետագա ֆինանսական հաշվեքննության անցկացման հնարավորությունը հաշվեքննիչ պալատի կողմից:

 

Չորեքշաբթի, Մայիս 30, 2018