Համաձայն «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի՝ եթե հաշվեքննության ընթացքում հաշվեքննիչ պալատը գալիս է հետևության, որ կատարված արարքը պարունակում է առերևույթ հանցագործության հատկանիշներ, ապա համապատասխան նյութերը հաշվեքննիչ պալատի որոշմամբ անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն:

ՀՀ Հաշվեքննիչ պալատի կողմից 2017-2018թթ. իրականացված հաշվեքննությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկել են նյութեր, որոնց մասով տեղեկատվությունը ստորև՝

  1. Հաշվեքննիչ պալատի 22.03.2018թ. գրությամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից հարուցված կատարողական վարույթների մասով կազմված արձանագրության հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազության կողմից հարուցվել է 7 քրեական գործ՝ խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր առմամբ 1,379,354,000 ՀՀ դրամի վնաս պատճառելու և ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարաման ծառայության աշխատակիցների նկատմամբ՝ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական անփութություն կատարելու համար:
  2. Հաշվեքննիչ պալատի 22.03.2018թ. գրությամբ՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասով կազմված արձանագրության հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ քրեական օրենսգրի 308-րդ հոդվածի առաջին մասով և 314-րդ հոդված 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
  3. Հաշվեքննիչ պալատի 22.03.2018թ. գրությամբ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՀՀ-ում տավարաբուծության զարգացման ծրագրի մասով կազմված արձանագրության հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազության կողմից խախտումների փաստերի 7 դրվագներով կազմված փաստաթղթերը ուղարկվել են մարզային դատախազություններ և արդյունքում  հարուցվել է 6 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի (խարդախության) և 315-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնական անփութության) հատկանիշներով:
  4. Հաշվեքննիչ պալատի 01.10.2018թ. գրությամբ՝ ՀՀ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում հաշվեքննության ընթացքում կազմված թվով 4 արձանագրությունների հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազության կողմից նյութերը ուղարկվել են ՀՀ Արմավիրի մարզի դատախազություն՝ մեկ այլ քրեական գործին կցելու և համատեղ ընթացք տալու համար:

Բացի թվարկվածների, ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուսումնասիրվել են ՀՀ վերահսկիչ (ներկայումս՝ հաշվեքննիչ) պալատի կողմից հրապարակված 2017 թվականի ընթացիկ հաշվետվությունները, մասնավորապես՝ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման՝ ծրագրի իրականացման համար պետական բաժնեմասով «Մելիորացիա» ՓԲ ընկերությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օրինականության նկատմամբ վերահսկողությունը և արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ քրեական օրենսգրի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և հանձնարարվել ՀՀ քննչական կոմիտեին:

 

 

Ուրբաթ, Դեկտեմբեր 28, 2018