2024թ․ փետրվարի 16-ին տեղի է ունեցել Հաշվեքննիչ պալատի բարեփոխումների շրջանակին նվիրված դոնորների համակարգման առցանց նիստը։ Հանդիպմանը մասնակցում էին Հաշվեքննիչ պալատի նախագահը և աշխատակիցները, Եվրոպական միության Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության համատեղ SIGMA ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), ԱՄՆ աուդիտի բարձրագույն մարմնի (GAO), Շվեդիայի աուդիտի ազգային գրասենյակի, ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի («Ժամանակակից խորհրդարան ժամանակակից Հայաստանի համար» ծրագիր) և Ասիական զարգացման բանկի («Ֆիսկալ կայունության և ֆինանսական շուկաների զարգացման» ծրագիր) ներկայացուցիչներ։

Նիստի բացման խոսքում Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը բարձր գնահատեց Հաշվեքննիչ պալատի ռազմավարական զարգացման ծրագրի իրականացման գործում արտաքին գործընկերների ներդրումը՝ հույս հայտնելով, որ առաջիկա ռազմավարական փուլում համագործակցության շրջանակն էլ ավելի կընդլայնվի և կապահովի ոլորտի շարունակական զարգացումը։ 

Նիստի ընթացքում Հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Զորայր Կարապետյանը ներկայացրեց  Հաշվեքննիչ պալատի 2020-2023 թվականների ռազմավարական զարգացման ծրագրի իրականացման արդյունքների ամփոփման, ինչպես նաև 2024-2025 թվականների ռազմավարության շրջանակներում առաջիկայում նախատեսվելիք միջոցառումների վերաբերյալ շնորհանդես։

Հաշվեքննիչ պալատի արտաքին գործընկերներն իրենց հերթին բարձր գոհունակություն հայտնեցին եռամյա ռազմավարական ծրագրի արդյունքում արձանագրված ձեռքբերումների համար՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու իրենց շահագրգիռ մասնակցությունը Հաշվեքննիչ պալատի բարեփոխումների օրակարգային միջոցառումների իրագործմանը։

 

 

 

 

Երկուշաբթի, Փետրվար 19, 2024