Հայաստանի Հանրապետությունում Գիտելիքի և դպրության օրը նշվում է սեպտեմբերի 1-ին՝ արժևորելով կրթությունը որպես անհատի ձևավորման բացառիկ հնարավորություն։ Կրթությունը նաև պետության զարգացման հիմնախնդիրների լուծման բանալին է։ Պետության պարտականությունն է ապահովել հավասար հնարավորություններով կրթության իրավունքի իրացումը։ Այն պետք է լինի հասանելի բոլորին՝ անկախ սոցիալական, տարածքային կամ այլ պայմաններից, և ոչ միայն արտոնյալներին։

Հաշվեքննիչ պալատը 2025 թվականի փետրվարի 27-ին հաստատել է «Պարտադիր կրթության համակարգում ընդգրկվածությունը» թեմայով հաշվեքննության արդյունքները։ Հաշվեքննությամբ գնահատվել է հանրակրթության տարիքի անձանց հանրակրթության համակարգում ներգրավվածությանն ուղղված պետական կառավարման քաղաքականության իրականացումը։ Գնահատման արդյունքում արձանագրվել են հիմնական խնդիրները, բացահայտվել են դրանց համակարգային պատճառները և ներկայացվել են բարելավման առաջարկություններ։

Հաշվեքննիչ պալատի առաջարկությունները հաշվի առնելով՝ բնագավառի լիազոր մարմինը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաստատել է գործողությունների ծրագիր, որի իրականացման նկատմամբ Հաշվեքննիչ պալատը շարունակում է իրականացնել մոնիթորինգ, իսկ արդյունքները ներկայացվում են Ազգային ժողովին։

Շնորհավորելով բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ՝ վերահաստատում ենք, որ հանրակրթության համակարգից դուրս մնացած անձանց վերադարձը կրթական հաստատություններ հնարավոր է բացառապես հանրային համերաշխության միջավայրում՝ գործընթացի մասնակից բոլոր կողմերի համագործակցության պարագայում։ Այս համատեքստում Հաշվեքննիչ պալատը շարունակելու է հրապարակել զարգացումների վերաբերյալ տեղեկություններ։

 

* * *

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

secretariat@armsai.am
www.armsai.am
LinkedIn: audit-chamber-of-armenia

 



Երկուշաբթի, Սեպտեմբեր 1, 2025