Հաշվեքննությամբ գնահատվել է 2024 թվականին առկա՝ դեղերի մեծածախ իրացման 171 և արտադրության 28 լիցենզիաների պայմանների պահպանման համապատասխանությունը օրենսդրության պահանջներին։
Ի՞նչ է արձանագրվել.
- Հավաստագրում. Դեղերի պահպանման, բաշխման անվտանգության և որակի ստանդարտների պահպանված լինելը երաշխավորվում է նաև պատշաճ գործունեության հավաստագրման միջոցով։
Դեղերի մեծածախ իրացման 95 և արտադրության լիցենզիա ունեցող 6 տնտեսվարող սուբյեկտներ գործել են առանց սահմանված կարգով ստացված հավաստագրերի։
- Թվային համակարգեր. Բնակչության առողջապահական առաջնահերթ կարիքները բավարարելու համար անհրաժեշտ դեղերի տվյալ պահին (առցանց) առկա քանակների, դրանց մեծածախ առավելագույն հավելագնի վերաբերյալ տվյալներ պարունակող պաշտոնական ինտերնետային կայք ներդրված չէ և չի կիրառվում։
- Բնապահպանական պահանջներ. 2024 թվականին դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ստացած 10 տնտեսվարող սուբյեկտներից միայն 3-ն են ներկայացրել վտանգավոր թափոնների վնասազերծման պայմանագրեր։
• Հաշվետվողականություն և հսկողություն. Արձանագրվել են տնտեսվարողների կողմից օրենքով նախատեսված հաշվետվություններ չներկայացնելու կամ ուշացումներով ներկայացնելու, ինչպես նաև lիցենզիայի և իրացման շրջանառության տվյալների անհամադրելիությանուն դեպքեր։
Պալատի առաջարկությունները.
Հսկողական միջոցառումներ. Ներդնել ընթացակարգեր, որոնք թույլ կտան բացահայտել առանց Պատշաճ արտադրական կամ Պատշաճ բաշխման գործունեության հավաստագրերի գործող, հաշվետվությունների ներկայացման պահանջները չպահպանող տնտեսավարողներին և նրանց նկատմամբ կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ, ներառյալ՝ լիցենզիաների դադարեցումը:
Թվայնացում և ավտոմատացում. Ներդնել լիցենզիայի պայմանների պահպանումը հաշվառելու միասնական ավտոմատացված համակարգ, ինչպես նաև ապահովել Առողջապահության նախարարության և ՊԵԿ-ի միջև տվյալների ինքնաշխատ փոխանակման հնարավորություն՝ առանց լիցենզիայի գործելու կամ ստվերային շրջանառության ռիսկերը կանխարգելելու նպատակով:
Հաշվետվողականություն և թափանցիկություն. Ներդնել դեղերի մեծածախ վերաբերյալ տեղեկատվության պաշտոնական կայքը և ապահովել կայքում բնակչության առաջնահերթ կարիքները բավարարելու համար անհրաժեշտ դեղերի՝ տվյալ պահին (առցանց) առկա քանակների, դրանց մեծածախ առավելագույն հավելագնի վերաբերյալ տվյալների իրական ժամանակում հրապարակումը։
Աջակցություն և անվտանգություն. Սահմանել տնտեսվարողների հասցեների փոփոխության առցանց իրազեկման պարզ ընթացակարգ և մեթոդական աջակցություն ցուցաբերել վտանգավոր թափոնների վնասազերծման պայմանագրերի կնքման հարցում:
Առաջարկությունների իրագործմամբ ակնկալվում է, որ նախադրյալներ կստեղծվեն դեղերի մեծածախ առևտրի և արտադրության բնագավառում զբաղված տնտեսավարողների գործունեությունն օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ կազմակերպելու ու ըստ այդմ՝ սպառողներին հասնող դեղերի որակի ստանդարտներին համապատասխանելու երաշխիքների ձևավորման համար։
Ներբեռնել հաշվետվության ամբողջական տարբերակը այստեղ:


