Ղազախստանի բարձրագույն հաշվեքննիչ մարմնի նախագահ Ն. Գոդունովայի պաշտոնական հրավերով Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի պատվիրակությունը՝ Հաշվեքննիչ պալատի անդամ Ա.Նռանյանի գլխավորությամբ, 2019 թվականի մայիսի 16-17-ը մասնակցել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում անցկացվող Աստանայի տնտեսական համաժողովին:

Համաժողովի շրջանակներում տարբեր երկրների բարձրագույն հաշվեքննիչ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է առանձնացված նիստ, նվիրված առանցքային ազգային ցուցանիշներին՝ որպես կայուն զարգացման ապահովման գործիքներին։

INTOSAI առանցքային ազգային ցուցանիշների աշխատանքային խմբի կողմից, որի ակտիվ անդամներից է նաև ՀՀ հաշվեքննիչ պալատը, իրականացվել են մի շարք հետազոտություններ, հավաքագրվել է միջազգային փորձը։ Ազգային ցուցանիշների ապահովման կարևոր քայլերից է իրականացվող քաղաքականության արդյունավետության, ակնկալվող և ստացված արդյունքների, տարբեր ոլորտներում իրականացվող ռազմավարությունների պայմանների, առկա միտումների և առաջընթացի գնահատումը։

Քննարկմանը մասնակցում էին բարձրագույն հաշվեքննիչ մարմինների ներկայացուցիչներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Էստոնիայից, Բելառուսից, Չինաստանից, Իրանից, Սաուդյան Արաբիայից, Թուրքիայից, Տաջիկստանից և այլն, ինչպես նաև միջազգային կառույցների (Համաշխարհային բանկ, Ասիական զարգացման բանկ) և ներդրումային մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։

Բարձրագույն հաշվեքննիչ մարմինների ներկայացուցիչների հետ երկկողմանի շփումների ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ հաշվեքննիչ մարմինների միջև համագործակցության շրջանակի ընդլայնման վերաբերյալ։

 

Ուրբաթ, Մայիս 24, 2019