Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը կազմվել է ծախսային մասի շուրջ 80%‑ը կազմող՝ 8 գերատեսչությունում 32 եռամսյակային հաշվեքննության հիման վրա։
Եռամսյակային հաշվեքննությունների արդյունքներն ամփոփվել են ընթացիկ եզրակացություններում, որոնք ներկայացվել են Ազգային ժողովին, կառավարությանը և հաշվեքննության ենթարկված մարմիններին, ինչպես նաև հրապարակվել են Հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում՝ բացառությամբ գաղտնիք պարունակող 4 հաշվեքննության։
Հաշվեքննիչ պալատը ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը նույնպես ներկայացրել է Ազգային ժողովին և կառավարությանը:
Հաշվեքննություններով արձանագրվել են թվով 83 անհամապատասխանություն և 6 խեղաթյուրում, որոնք չեն ազդել հաշվեքննության կարծիքի վրա, քանի որ կուտակված խեղաթյուրումների հանրագումարը, որը կազմել է հաշվեքննության ենթարկված ծախսերի 0․11%-ը, մոտ չէ Ֆինանսական հաշվետվությունների որպես ամբողջության էականության մակարդակին, և ֆինանսական հաշվետվությունը ընդհանուր առմամբ զերծ է էական խեղաթյուրումից:
Արդյունքում, Հաշվեքննիչ պալատը ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ արտահայտել է դրական եզրահանգում։
Արձանագրված անհամապատասխանությունների և խեղաթյուրումների հիման վրա Հաշվեքննիչ պալատը 48 առաջարկություն է ներկայացրել հաշվեքննության ենթարկված մարմիններին։
Հաշվեքննիչ պալատը արձանագրել է նաև համակարգային բնույթի 1 անհամապատասխանություն «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով, որն է. «Հայաստանի Հանրապետության՝ որպես մեկ միասնական միավորի, ֆինանսական հաշվետվությունները 2024 թվականի համար չեն պատրաստվել» և խնդրի լուծման նպատակով ներկայացրել է երկու առաջարկություն։
ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:
* * *
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
secretariat@armsai.am
www.armsai.am
LinkedIn: audit-chamber-of-armenia