2021 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ հաշվեքննիչ պալատում տեղի ունեցավ հանդիպում Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի և ԵՄ/ՏՀԶԿ ՍԻԳՄԱ ծրագրի հանրային ֆինանսների կառավարման ծրագրի ավագ խորհրդատու Ալասթեր Սվարբրիքի միջև։

Հանդիպման ընթացքում Լ. Յոլյանն անդրադարձավ Հաշվեքննիչ պալատի և ՍԻԳՄԱ ծրագրի միջև ձևավորված բավականին արդյունավետ համագործակցությանը։ Պալատի նախագահը գոհունակություն հայտնեց նաև ՍԻԳՄԱ-ի կողմից ներկայումս իրականացվող ծրագրերի ընթացքի վերաբերյալ, որոնք ընդգրկում են պալատի գործունեության բարեփոխումների մի շարք կարևոր ռազմավարական ուղղություններ։

Ա. Սվարբրիքը իր խոսքում նշեց, որ վերջերս ՍԻԳՄԱ-ն լրջագույն հետազոտություններ է իրականացրել Հաշվեքննիչ պալատի օրենքի առնչությամբ։ Ցավոք սրտի, միջազգային փորձագետները արձանագրել են, որ չնայած պալատի իրավասությունները նախորդ օրենքների համեմատ բարելավվել են, այնուամենայնիվ, դրանք բավարար չեն պալատի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար, ուստի անհրաժեշտ է վերացնել օրենքում առկա սահմանափակումները։ Բացի այդ, անհրաժեշտ է ընդլայնել պալատի լիազորությունները և դրանք համապատասխանեցնել միջազգային ստանդարտների պահանջներին։

Լևոն Յոլյանը բարձր գնահատեց ՍԻԳՄԱ-ի հետազոտությունների և զեկույցի առնչությամբ իրականացված աշխատանքները՝ կարևորելով հաշվեքննությունը սահմանափակող օրենսդրական խոչընդոտների վերացման խիստ պահանջը։ Յոլյանը նշեց, որ բոլոր առաջարկությունները, որոնք մշակել են ՍԻԳՄԱ-ի միջազգային փորձագետները, ներկայացվել են Կառավարություն և Ազգային Ժողով։

ՍԻԳՄԱ-ի ներկայացուցիչը նշեց, որ եվրոպական կողմը պատրաստվում է ՀՀ կառավարության և ԱԺ-ի հետ ունեցած օրակարգում ավելացնել նաև Հաշվեքննիչ պալատին վերաբերող ՀՀ օրենսդրության հնարավոր բարեփոխումների թեման։

 

 

Հինգշաբթի, Հոկտեմբեր 28, 2021