Սույն թվականի հունիսի 15-ին ՀՀ ԱԺ հերթական նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որի վերաբերյալ ՀՊ եզրակացությունը ներկայացրել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը:
ՀՊ նախագահը նշել է, որ, Հաշվեքննիչ պալատը ստացել է բավարար տեղեկատվություն հաշվեքննություն իրականացնելու համար և ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունում էական խեղաթյուրումներ չեն հայտնաբերվել, ուստի Պալատը տվել է դրական եզրահանգումով կարծիք։
Համաձայն ներկայացված զեկույցի՝ 2022 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացության կազմման նպատակով Հաշվեքննիչ պալատն իրականացրել է պետական բյուջեի երեք, վեց, ինն ամիսների և տարեկան կատարման 40 հաշվեքննություն 10 գերատեսչություններում, որոնց բաժին է ընկել ՀՀ պետական բյուջեի ծախսային մասի 82.1%-ը: Սույն հաշվեքննությունների արդյունքները եռամսյակային պարբերականությամբ հրապարակվել են, և որոշ դեպքերում՝ դրանք նպաստել են հաշվեքննության ենթակա մարմինների տարեկան հաշվետվությունների վերանայմանը՝ այդ մասերով դարձնելով հաշվետվությունները զերծ անհամապատասխանություններից ու խեղաթյուրումներից։
Վերոնշյալ հաշվեքննությունների արդյունքում արձանագրվել են թվով 113 անհամապատասխանություն՝ 10 գերատեսչությունում և թվով 18 խեղաթյուրում՝ 5 գերատեսչությունում։ Սակայն ՀՊ նախագահը նշել է, որ խեղաթյուրումների հանրագումարային ֆինանսական արտահայտությունը կազմել է բյուջետային ծախսերի 0.11%-ը, ինչը չի գնահատվել որպես էական և չի ազդել ամփոփիչ կարծիքի վրա։
Ելույթի ընթացքում ՀՊ նախագահը անդրադարձել է նաև Հաշվեքննիչ պալատի գործունեության ոլորտին առնչվող որոշ հասկացությունների՝ բովանդակային մեկնաբանման տեսանկյունից, ինչպես նաև ներկայացրել է ՀՊ կողմից եզրակացությունում ամփոփված առավել համակարգային բնույթի առաջարկությունը և դրա իրացման կարևորությունը հանրային ունեցվածքի կառավարման գործընթացի բարելավման շրջանակներում։
Ամփոփելով ելույթը` Ատոմ Ջանջուղազյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին ինչպես Հաշվեքննիչ պալատի, այնպես էլ պետական մարմինների նկատմամբ հետեւողականորեն պահանջարկ ձևավորելու համար, ինչպես նաև հաշվեքննության օբյեկտներին՝ համագործակցության և պալատի գործունեության արդյունքների շարունակական բարելամանը նպաստելու համար:
Ելույթից հետո Ատոմ Ջանջուղազյանը պատասխանել է ՀՀ ԱԺ պատգամավորների հարցերին։