2018թ. հունիսի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի հերթական նիստ, որը վարել է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը։ Նիստին մասնակցում էին Հաշվեքննիչ պալատի անդամներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ։
Հաշվեքննիչ պալատը հերթական նիստում ընդունել է հետևյալ որոշումները՝
1. ՀՀ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում իրականացվելիք հաշվեքննության մասին
ՀՀ հաշվեքննիչ պալատը, քննարկելով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի՝ ՀՀ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում հաշվեքննություն իրականացնելու վերաբերյալ առաջարկը, և նկատի ունենալով հարցի ռիսկայնության և հրատապության վերաբերյալ հանգամաանքները, որոշում է կայացրել հաշվեքննություն իրականացնել տվյալ համայնքում:
2. ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագրով նախատեսված հաշվեքննության մի շարք առաջադրանքներ հաստատելու մասին
Համաձայն ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագրով նախատեսված հաշվեքննությունների հաստատված առաջադրանքների՝ հաշվեքննությունը կմեկնարկի 2018 թվականի հուլիս ամսից:
Որոշվեցին հաշվեքննության օբյեկտները, տեսակներն ու ընթացակարգերը: Հայտնի են նաև հաշվեքննությունն ընգրկող ժամանակաշրջանները, որոնց մասով կանցկացվեն հաշվեքննության միջոցառումները: Հիմնական թիրախը 2017 թվականի ժամանակաշրջանն է: Որոշակի թեմաների առանձնահատկություններով պայմանավորված մի շարք հաշվեքննությունները կընդգրկեն նույնիսկ մի քանի տարիների հատված: Պալատն իր հաշվեքննությունները կուղղի նաև 2018 թվականի գործունեությանը նույնպես՝ ընդգրկելով ընթացիկ տարվա ինը ամիսները:
Նիստի ընթացքում Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հանձնարարել է հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարներին խստորեն հետևել օրենքով սահմանված ընթացակարգերին և հաշվեքննությունը մեկնարկելուց երեք օր առաջ հաշվեքննության առաջադրանքները պատշաճ կերպով նախապես ծանոթացնել հաշվեքննության օբյեկտների ղեկավերներին:
3. ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018թ. ապրիլի 9-ի թիվ 1/1 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերում փոփոխություններ կատարելու մասին
Ղեկավարվելով «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասի 9-րդ և 13-րդ ենթակետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2018 թվականի հունիսի 14-ի թիվ 465-Ա, թիվ 466-Ա և 2018 թվականի հունիսի թիվ 494-Ա որոշումները, հաշվեքննիչ պալատը կատարել է լրացումներ և փոփոխություններ անվանացանկում և հաստատիքացուցակում, ինչպես նաև հաստատել է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը:
4.ՀՀ վերահսկիչ պալատի ինքնագնահատման հաշվետվությունն արտաքին հավաստիացում ստանալու նպատակով Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության զարգացման նախաձեռնություն (INTOSAI IDI) ուղարկելու մասին
Հաշվետվությունը կազմվել է Հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության կողմից Աուդիտի բարձրագույն ինստիտուտների (ԱԲԻ) կատարողականի գնահատման մեթոդաբանությամբ ինքնագնահատման արդյունքների հիման վրա: Գնահատման նպատակն է որոշել, թե որ փուլում է գտնվում Հաշվեքննիչ պալատն իր կատարողականի և առաջընթացի առումով և որոնք են լինելու առաջիկա ռազմավարական նպատակները:
Հաշվետվության հաստատումից հետո այն կուղարկվի Նորվեգիա, INTOSAI Զարգացման նախաձեռնության (IDI)՝ անկախ փորձագետի կողմից վերանայման համար: Հաշվետվությունը IDI-ի կողմից հավաստիացում ստանալուց հետո կներկայացվի հանրությանը:
Նիստի ընթացքում ներկայացվել է նաև «Հաշվեքննիչ պալատի աշխատանքներում մասնագետների և փորձագետների ներգրավման կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Հաշվեքննիչ պալատի անդամները որոշեցին շարունակել նախագծի քննարկումները և կարգը հաստատել արդեն հաջորդ նիստում: Որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի պահանջով, որի համաձայն հաշվեքննության գործընթացում կարող են ներգրավվել մասնագետներ և փորձագետներ՝ համաձայն ընդունված կարգի և պայմանագրային հիմունքների: