2026 թվականի ապրիլի 5-ից 10-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի է ունեցել ՌԴ հաշվիչ պալատի և «Սիրիուս» գիտատեխնիկական համալսարանի համատեղ կրթական մոդուլի երրորդ փուլը։ Մոդուլի շրջանակներում «Արտաքին պետական հաշվեքննության որակի կառավարման համակարգը» խորագրով ծրագրին մասնակցել են ԱՊՀ երկրների բարձրագույն հաշվեքննիչ մարմինների (ԲՀՄ)՝ այդ թվում՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչները։
Վեցօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու հաշվեքննության ոլորտի արդի միտումներին և մեթոդաբանական նորարարություններին, ինչպես նաև քննարկելու այն ընդհանուր մարտահրավերները, որոնց բախվում են ԲՀՄ-ները ժամանակակից աշխարհում, և վերլուծելու դրանց հաղթահարման հնարավոր լավագույն լուծումները։
Ուսումնական մոդուլի օրակարգն ընդգրկել է հետևյալ առանցքային ուղղությունները․
- Հաշվեքննության կատարելագործում. քննարկվել են պետական կառավարման հաշվեքննությանը և կատարողականի հաշվեքննության մեթոդաբանությանը վերաբերող հարցեր։
- Թվային տրանսֆորմացիա. փորձագետները դիտարկել են տեղեկատվական համակարգերի ներդրման և Բարձրագույն հաշվեքննիչ մարմինների գործունեության թվայնացման հեռանկարները։
- Փորձի փոխանակում. ներկայացվել են ՌԴ Ռոստովի և Տոմսկի մարզերի տարածքային հաշվիչ պալատների գործնական օրինակները։






