Երևան, 2025 թվականի նոյեմբեր –Հաշվեքննիչ պալատը (Պալատ) նոյեմբեր ամսին մեկնարկել է զարգացման ինտենսիվ  երկշաբաթյա ծրագիր՝ Շվեդիայի Ազգային աուդիտի գրասենյակի (SNAO) հետ 2025-2030 թվականների ինստիտուցիոնալ զարգացման համագործակցության ծրագրի շրջանակներում:

Կազմակերպված միջոցառումները նպատակաուղղված էին Պալատի ներուժի և կարողությունների զարգացմանը՝ հաշվեքննության տարբեր բնագավառներում և ռազմավարական կառավարման ոլորտում։

Շվեդ գործընկերների հետ քննարկվեցին ռազմավարական կառավարման համակարգի ձևավորման շրջանակները, ինչպես նաև մոնիթորինգի, հետհսկողության և տարեկան հաղորդման պատրաստման լավագույն փորձը։

Կատարողականի հաշվեքննության SNAO-ի  փորձագետների այցի հիմնական նպատակն էր բարձրացնել հարցազրույցների պլանավորման, իրականացման, փաստաթղթավորման և արդյունքների օգտագործման կարողությունները Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող կատարողականի հաշվեքննության ընթացքում:

Այցի շրջանակներում կազմակերպվել էր աշխատաժողով, որը նվիրված էր ֆինանսական և համապատասխանության հաշվեքննությունների տարբերության, կոնկրետ դեպքերի քննարկմանը և Միջազգային հաշվեքննիչ մարմինների կազմակերպության (INTOSAI) մասնագիտական հայտարարությունների շրջանակի ուսումնասիրությանը:

Պալատի և SNAO-ի միջև համագործակցության ծրագիրը շարունակական է և նպատակ ունի հետագայում ևս բարձրացնել ՀՊ-ի գործընթացների որակն ու թափանցիկությունը: SNAO-ի փորձագետների այս այցը կարևոր ներդրում էր Պալատի ներքին ընթացակարգերի, գործիքակազմի և մասնագիտական ներուժի ամրապնդման գործում։ Ստացված գիտելիքներն ու հմտությունները կնպաստեն Հաշվեքննիչ պալատի կառավարման թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության ամրապնդմանը՝ ընդգծելով Պալատի առանցքային դերը հանրային կառավարման բարելավման գործընթացում։

 

 

* * *

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

secretariat@armsai.am
www.armsai.am
LinkedIn: audit-chamber-of-armenia

 



Չորեքշաբթի, Նոյեմբեր 26, 2025