2024 թվականի ապրիլի 10-ին Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության 2024-2026 թվականների առաջնահերթությունների փաստաթղթի վերաբերյալ մասնագիտական հոդված է հրապարակվել Բարձրագույն հաշվեքննիչ մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) պաշտոնական պարբերականում` www.intosaijournal.org։
Ըստ պարբերականի՝ ձևակերպված առաջնահերթությունների հիմքում ընկած են մարդակենտրոն հաշվեքննությունները, որոնք կնպաստեն մարդու պահանջմունքներն արդյունավետորեն հասցեագրող հանրային կառավարմանը և միջազգային լավագույն փորձին համահունչ պետության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը:
Սույն տեսլականից բխող՝ հաշվեքննության հետևյալ 7 հավասարազոր առաջնահերթություններ են առաջադրվել.
- Մարդուն մատչելի, հասանելի, որակյալ և դիմակայուն առողջապահություն.
- Մարդուն մատչելի և որակյալ ցկյանս կրթություն.
- Մարդուն շրջապատող մաքուր և անվտանգ միջավայր.
- Մարդուն մատչելի և արդյունավետ արդարադատություն.
- Արտահանմանը միտված, գիտահեն և մրցակցային տնտեսության զարգացում.
- Պետական ֆինանսների և սեփականության կառավարման ինստիտուտների զարգացում.
- Ներդաշնակ զարգացող համայնքներ:
Հաշվեքննության յուրաքանչյուր առաջնահերթության շրջանակներում ներկայացված են դրան վերաբերելի նշանակալի միտումներն ու մարտահրավերները, ինչպես նաև վերջիններս հասցեագրող հաշվեքննության նախատեսվող ուղղությունները, որոնք համահունչ են Կառավարության ծրագրով, ՄԺԾԾ-ով և ոլորտային ռազմավարական փաստաթղթերով արձանագրված հիմնախնդիրների և հանրային քաղաքականության առաջնահերթությունների շրջանակին:
Հաշվի առնելով առաջնահերթությունների բազմազանությունը՝ Հաշվեքննիչ պալատն առանձնացրել է այն հիմնական ռիսկերը, որոնց արդյունքում անհրաժեշտություն կարող է առաջանալ վերանայելու նախատեսված ուղղությունները։ Այդպիսիք են՝ հանրային հատվածի փոփոխվող միջավայրը, իրավական ռիսկերը, որակյալ մարդկային ռեսուրսներով համալրվածությունը, ֆինանսական ռիսկերը և ֆորս-մաժորային իրավիճակները:
Վերոնշյալ ուղղություններով հաշվեքննությունների իրականացմամբ Հաշվեքննիչ պալատը կնպաստի հանրային ունեցվածքի կառավարումը բարելավելուն՝ պետական ոլորտային քաղաքականությունների մշակման և իրականացման վերաբերյալ Ազգային ժողովին, Կառավարությանը և հանրությանը մասնագիտական, անկողմնակալ ու ժամանակին կարծիքներ և առաջարկներ տրամադրելու ճանապարհով:
INTOSAI պարբերականի հրապարակմանը հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով։