2019 թվականի հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում Հայաստանի հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության 2018 թ. Պետական բյուջեի կատարման վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի եզրակացությունը:
Նիստի սկզբում հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուհետեւ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հանդես եկավ հաշվետվությամբ։
Հաշվեքննիչ պալատի նախագահն իր ելույթում նշեց, որ եզրակացությունը կազմելու նպատակով պետական բյուջեի կատարման գործընթացի կազմակերպման նկատմամբ հաշվեքննություն է իրականացվել Ֆինանսների նախարարությունում։ Հաշվեքննության ընթացքում կազմվել է արձանագրություն, որը սահմանված կարգով ներկայացվել է Ֆինանսների նախարարին։ Վերջինս կողմից արձանագրության վերաբերյալ ներկայացվել է դիրքորոշում, որն էլ ամբողջությամբ արտացոլվել է հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունում՝ տալով նաև դրանց կապակցությամբ Հաշվեքննիչ պալատի մեկնաբանությունները։ Նյութը նույնպես ներկայացվել է Ազգային ժողով, Կառավարություն և հրապարակվել է Հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում։
Լևոն Յոլյանը խոսեց պետական բյուջեի կատարման գործընթացում առկա մի շարք խնդիրների մասին, որոնք, ըստ Հաշվեքննիչ պալատի կարծիքի, չեն բխում այդ գործընթացի թափանցիկության, վերահսկելիության և հանրային հաշվետվողականության ապահովման լավագույն սպասումից: Այդ իսկ պատճառով Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է մի շարք առաջարկություններ, որոնք խիստ սկզբունքային են և հետագա լուծման կարիք ունեն:
Անդրադարձ կատարվեց նաև Հաշվեքննիչ պալատի կողմից կատարված պետական բյուջեի ոչ ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ վերլուծությանը։ Լևոն Յոլյանը խոսեց նաև բյուջետային առանձին ծրագրերի կատարողականներում արձանագրված խնդիրների մասին։
Ելույթից հետ Հաշվեքննիչ պալատի նախագահը պատասխանեց պատգամավորների հարցերին։
Վերջում ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը Ֆինանսների նախարարին առաջարկեց առաջիկայում համատեղ հանդիպում կազմակերպել և քննարկել Հաշվեքննիչ պալատի առաջարկությունները և դրանց հետագա իրականացման հնարավորությունները։
Ծանոթություն. Հայաստանի Հանրապետության 2018 թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը հաստատվել է Հաշվեքննիչ պալատի 2019 թ․ մայիսի 24-ի թիվ 12/1 որոշմամբ: Եզրակացությունը տեղադրված է ՀՀ հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում և առաջիկայում կներկայացվի ՀՀ Ազգային Ժողովի լիագումար նիստում նույնպես: