Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բարձրագույն վերահսկիչ (հաշվեքննիչ) մարմինների կողմից 2018 թվականի մայիսի 15-ից մեկնարկել է ԵԱՏՄ անդամ պետությունների լիազորված մարմինների (գանձապետարանների) կողմից անդամ պետությունների բյուջեներ ներմուծման մաքսատուրքերի ամբողջությամբ և ժամանակին փոխանցելու կարգի պահպանման նկատմամբ համատեղ վերահսկողական միջոցառման իրականացումը:

Մայիսի 15-ից մինչև մայիսի 23-ը վերահսկողական միջոցառումներ են իրականացվել Ղրղզստանում, մայիսի 24-ից մինչև հունիսի 1-ը՝ Ղազախստանում, հունիսի 4-ից մինչև 12-ը՝ Բելառուսում, հունիսի 13-ից մինչև հունիսի 21-ը՝ Ռուսաստանի Դաշնությունում, իսկ հունիսի 25-ից սկսվել է վերահսկողական միջոցառման հայաստանյան փուլը, որը կավարտվի հուլիսի 3-ին:

2018 թվականի վերահսկողական միջոցառման Միասնական ծրագրով նախատեսված է վերահսկողություն իրականացնել նաև նախորդ տարվա ամփոփ  հաշվետվությունում արձանագրված հանձնարարականների  կատարման ընթացքի վերաբերյալ: Նախորդ վերահսկողության ընթացքում արձանագրվել է, որ ստուգման արդյունքներով տրված հանձնարարականի հիման վրա Ղազախստանի Հանրապետությունը ընդերքօգտագործողների կողմից 2014-2016թթ. վճարված ներմուծման մաքսատուրքերի գումարները 9,060,623.3 հազ. տենգե (մոտ 29.0 մլն ԱՄՆ դոլար) չեն բաշխվել ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեների միջև: Այդ գումարների չբաշխման պատճառն է Ղազախստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից ոլորտը կարգավորվող օրենսդրության այլ մեկնաբանությունը, որի հետ համաձայն չեն մնացած չորս ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն վերահսկիչ (հաշվեքննիչ)  մարմինները և այդ հարցի կարգավորումը գտնվում է քննարկման փուլում:

Վերոհիշյալ խնդիրը կրում է շարունակական բնույթ, որի վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի կողմից նշվել էր նաև Ազգային ժողովում ՀՀ վերահսկիչ պալատի 2017 թվականի տարեկան հաշվետվության ներկայացման ընթացքում:  

Վերահսկողության ընթացքում մաքսային մարմիններից պահանջվել է լրացուցիչ տեղեկատվություն: Դրա վերլուծությունից հետո կազմվելու է ամփոփ հաշվետվություն, որը նախատեսվում է ներկայացնել 2018թ. նոյենբեր ամսին ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն վերահսկողական մարմինների համատեղ կոլեգիայի նիստին:

Վերոհիշյալ միջոցառման իրականացման վերահսկողական խմբի աշխատանքներին ներգրավված են Հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության աշխատակիցները, որոնց աշխատանքները համակարգվում է Հաշվեքննիչ պալատի անդամ Գ.Մկրտումյանի կողմից:

Հինգշաբթի, Հունիս 28, 2018