ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինի հրավերով 2018 թվականի նոյեմբերի 29-ին ք.Մոսկվայում կայացած ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն վերահսկիչ (հաշվեքննիչ) մարմինների համատեղ կոլեգիայի նիստին մասնակցել է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստին հրավիրված են եղել և մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԵԱՏՄ անդամ պետությունների լիազորված և մաքսային մարմինների պաշտոնատար անձիք, որոնց թվում էին նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Շ.Ներսեսյանի գլխավորությամբ:

Նիստում քննարկվել է ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն վերահսկիչ (հաշվեքննիչ) մարմինների կողմից ԵԱՏՄ անդամ պետությունների լիազորված մարմիններում (գանձապետարաններում) անդամ պետությունների բյուջեներ ներմուծման մաքսատուրքերի փոխանցման կարգի պահպանման նկատմամբ համատեղ վերահսկողական միջոցառուման արդյունքներով կազմված ամփոփ հաշվետվությունը:

Նիստում ելույթով հանդես եկան ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն վերահսկիչ (հաշվեքննիչ) մարմինների ղեկավարները: ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն իր ելույթում նշեց, որ լիազորված մարմինների (գանձապետարանների) կողմից 2017 թվականին ԵԱՏՄ պայմանագրով սահմանված պահանջները հիմնականում ապահովվել են, սակայն առկա են խնդիրներ, որոնք առ այսօր դեռ չեն կարգավորվել: Մասնավորապես, դա վերաբերվում է Ղազախստանում ընդերք օգտագործողների կողմից 2014-2017թթ. ժամանակահատվածում վճարված ներմուծման մաքսատուրքերի գումարներին(մոտ 30.0 մլն ԱՄՆ դոլար), որոնք շարունակվում են չբաշխվել ԵԱՏՄ անդամ պետությունների միջև և այդ խնդիրը կրում է շարունակական բնույթ: Նշվեց, որ դրա մասին արձանագրվել էր նաև նախորդ տարիների հաշվետվություններում, սակայն այդ հարցի վերաբերյալ ղազախականկողմի և մյուս ԵԱՏՄ անդամ պետությունների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դիրքորոշումները տարբերվում են, որի պատճառով հարցը դեռ չի կարգավորվել: Վերոհիշյալից ելնելով՝ որոշվել է այդ հարցով դիմել ԵԱՏՄ դատարան, որպեսզի խնդիրը կարգավորվի դատական կարգով։

Ընդհանուր առմամբ ելույթ ունեցողները բարձր գնահատեցին կատարված աշխատանքը և նշվեց, որ բարձրագույն վերահսկիչ (հաշվեքննիչ) մարմինների կողմից պատշաճ իրականացվել է ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված պարտավորությունները: 

Նիստի ավարտին ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն վերահսկիչ (հաշվեքննիչ) մարմինների ղեկավարները հաստատեցին ամփոփ հաշվետվությունը և ստորագրվեցին ամփոփ փաստաթղթերը:
 

 

Հինգշաբթի, Նոյեմբեր 29, 2018