2020 թվականի դեկտեմբերի 15-ին Հաշվեքննիչ պալատի և Եվրոպական Միության Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության SIGMA ծրագրի աջակցությամբ անցկացվեց առցանց շնորհանդես-նիստ, որի ընթացքում հրավիրված հյուրերին և Հաշվեքննիչ պալատի գործընկերներին ներկայացվեց Հաշվեքննիչ պալատի 2020-2023 թվականների ռազմավարական զարգացման ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների պլանը։

Առցանց նիստին, բացի Հաշվեքննիչ պալատի և SIGMA ծրագրի ներկայացուցիչներից, մասնակցում էին նաև ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ ֆինանսների նախարարության, Համաշխարհային բանկի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), ԱՄՆ աուդիտի բարձրագույն մարմնի, Շվեդիայի աուդիտի բարձրագույն մարմնի ներկայցուցիչներ և այլ միջազգային փորձագետներ։

Նիստին ողջույնի խոսքով հանդես եկավ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը, ով, կարևորելով պալատի ռազմավարական նոր ծրագիրը, հայտնեց իր պատրաստակամությունը ամբողջովին աջակցել ծրագրի իրագործմանը։ Պարոն Յոլյանը շնորհակալություն հայտնեց ԵՄ ՍԻԳՄԱ ծրագրի ղեկավարներին և մասնագետներին՝ նոր ռազմավարությունը մշակելիս Հաշվեքննիչ պալատի մասնագիտական թիմին գործուն փորձագիտական աջակցություն ցուցաբերելու համար։

Նիստի ընթացքում Հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Առուստամյանը մասնրամասն ներկայացրեց Հաշվեքննիչ պալատի 2020-2023 թվականների ռազմավարական զարգացման ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների պլանը։ Բանախոսը խոսեց նաև Հաշվեքննիչ պալատի նոր մարտահրավերների մասին՝ ընդգծելով այն բոլոր գործիքները, որոնցով պատրաստվում են էապես բարձրացնել հաշվեքննության արդյունավետությունն ու կարևորությունը։

ԵՄ ՍԻԳՄԱ ծրագրի ղեկավար Ալասթեր Սվարբրիքն, իր հերթին, նշեց, որ Հաշվեքննիչ պալատի զարգացման ռազմավարական նոր ծրագիրը պրոֆեսիոնալ փաստաթուղթ է և այն արտահայտում է Հայաստանի արտաքին աուդիտի համակարգի իրական խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանն իր խոսքում խոսեց խորհրդարանի և Հաշվեքննիչ պալատի համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտության մասին։ Պատգամավորը հայտնեց նաև Ազգային ժողովի պատրաստակամությունը զորավիգ լինելու Հաշվեքննիչ պալատին՝ վերջինիս առջև դրված նոր մարտահրավերները կյանքի կոչելու հարցում։

Նիստին հրավիրված միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները խոսեցին կոնկրետ այն անելիքների մասին, որոնց ուղղությամբ իրենք պատրաստակամ են աջակցելու Հաշվեքննիչ պալատին։

Վերջում, Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին, Հաշվեքննիչ պալատի բարեփոխումների նոր փուլը հայտարարեց՝ «մեկնարկված»։

 

 

Չորեքշաբթի, Դեկտեմբեր 16, 2020